«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

«Մեծ թռիչքի» պատրանքն ու էկոլոգիական աղետը կամ պատմության չինական դասերը

«Մեծ թռիչքի» պատրանքն ու էկոլոգիական աղետը կամ պատմության չինական դասերը
12.10.2026 | 11:16

2026 թվականի հոկտեմբերի 10-ին Ամուլսարի հանքի պաշտոնական բացումն էր, իսկ երեկոյան ազդարարվեց Երևանում ամենաբարձրահարկ՝ 50-հարկանի երկնաքերի կառուցման նախագծի մեկնարկի մասին։ Շինարարական բում, բնակարանների գների աննախադեպ աճ, որը կառավարությունը որոշել է զսպել բնակարանային առաջարկի ավելացումը խրախուսելու միջոցով... Այս շարքն անվերջ կարելի է շարունակել և այս ամենը ներկայացնել որպես երկրի տնտեսական զարգացման ուղղակի վկայություններ։
Ես դա չեմ անի. ուղղակի կպատմեմ 1958 թվականին Չինաստանում Մաո Ցզեդունի նախաձեռնությամբ սկսված «Չորս վնասատուների դեմ պայքարի» մասին, որը հայտնի է «Մեծ ջարդի» արշավ անունով։ Այն «Մեծ թռիչք» տնտեսական ծրագրի բաղկացուցիչ մասն էր։ Չորս վնասատուների ցանկում ներառված էին ճնճղուկներն ու ագռավները, մոծակները, մկներն ու առնետները և, վերջապես, ճանճերը։ Արշավն ուղեկցվում էր աննախադեպ մասշտաբների պետական քարոզչությամբ։ Ամբողջ երկրում միլիոնավոր մարդիկ՝ դպրոցականներ, բանվորներ, գյուղացիներ, ներգրավված էին վնասատուների ոչնչացման գործում։
Որպեսզի պատկերացնեք, թե ինչ էր կատարվում. մարդիկ դուրս էին գալիս փողոցներ, հարվածում թմբուկներին, պղնձե ամաններին, աղմկում ու բղավում էին։ Նպատակն էր թույլ չտալ ճնճղուկներին ու ագռավներին նստել և հանգստանալ։ Վախեցած ու հյուծված թռչունները ժամեր շարունակ ստիպված էին օդում թռչել՝ մինչև ուժասպառ լինելն ու գետնին ընկնելը, որից հետո նրանց հեշտությամբ ոչնչացնում էին։
Արշավը սկզբում թվացյալ հաջողություն ունեցավ. միլիոնավոր ագռավներ, ճանճեր ու մկներ ոչնչացվեցին։ Միայն Պեկինում և մի քանի խոշոր քաղաքներում արշավի առաջին շաբաթների ընթացքում սպանվեց մոտ 200 հազար, իսկ ընդհանուր առմամբ ամբողջ երկրով մեկ՝ մոտ 2 միլիարդ թռչուն։ Ճանճերի ու մոծակների ոչնչացումը չափվում էր կիլոգրամներով և տոննաներով։ Դպրոցականներն ու բանվորները պարտավոր էին ամեն օր հանձնել սպանված միջատների որոշակի քանակ, և պաշտոնական հաշվետվություններում հպարտությամբ նշվում էր տոննաներով հավաքված միջատների մասին։
Այս վիթխարի «զտման» արդյունքում խախտվեց բնական էկոհամակարգը։ Չինացի գիտնականների մի մասի ահազանգերը՝ կապված էկոլոգիական հավասարակշռության խախտման հետ, պարզապես անտեսվեցին։ Շատ շուտով ի հայտ եկան սարսափելի հետևանքները։ Արձանագրվեց թրթուրների ու մարախների հսկայական բազմացում, և հանկարծ պարզվեց, որ թռչունները հիմնականում սնվում էին ոչ թե հացահատիկով, այլ միջատներով՝ հատկապես մարախներով ու թրթուրներով։ Թռչունների զանգվածային ոչնչացումից հետո մարախների պոպուլյացիան անվերահսկելիորեն պայթեց։
Մարախների հսկա երամները հարձակվեցին դաշտերի ու այգիների վրա։ Ամբողջական դաշտերի և բերքի ոչնչացումը բառացիորեն րոպեներ էր տևում։ Սա դարձավ 20-րդ դարի ամենասարսափելի մարդածին աղետներից մեկի՝ 1959֊1961 թվականների Մեծ չինական սովի գլխավոր պատճառներից մեկը, որի հետևանքով շուրջ 20 միլիոն մարդ սովամահ եղավ։
...Ես և ինձ նման մարդիկ վհուկներ կամ կախարդներ չենք, ոչ էլ մեծ գուշակներ կամ մագեր, բայց երբ Մեծ կոմբինատորի և նրա արկածախնդիր թայֆախմբի «Տնտեսական մեծ վերելքի» այս փուչիկը պայթի, ձեր բնակարանների գները փլուզվեն, իսկ երկրի տնտեսությունը հայտնվի կոլապսի մեջ, հուսով եմ՝ մեզ կհիշեք սրանց ողջակիզելու կոչեր հնչեցնելու ժամանակ։ Իսկ հիմա կարող եք շարունակել անտեսել, վիրավորել կամ անիծել։

Վարդան ԲԱԼՅԱՆ
Դիտվել է՝ 240

Մեկնաբանություններ