«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Ազգային արժանապատվության ճգնաժամը և սթափության կոչը

Ազգային արժանապատվության ճգնաժամը և սթափության կոչը
10.10.2026 | 10:47

Երբ Աստված ուզում է մեկին պատժել, նախ և առաջ նրա խելքն է առնում:
Դժբախտություն և աղետ է լինում երկրներում, երբ ազգին լքում է խոհեմությունը, և նա կորցնում է ազգային ու մարդկային ամենակարևոր առաքինությունները՝ ազգային արժանապատվությունը, խիզախությունը, պայքարելու և ընդվզելու կամքը, պետության ու հայրենիքի զգացողությունը, ամաչելու հատկությունը, երբ այլևս չի սթափվում նվաստացումից և չի ամաչում աշխարհով մեկ խայտառակ լինելուց։
Հայի համար ազգային մեծագույն ամոթ է, երբ Արցախի ու հանուն ոչնչի դարձած հազարավոր մարդկային ու պատմամշակութային կորուստների, տասնամյակների տառապանքների ու զրկանքների, Բաքվում գերության մեջ դաժան կտտանքների ենթարկվող մեր հայրենակիցների ֆոնին, վերջին տարիներին մեր կատարած խայտառակ ընտրությունների, այսպիսի իշխանություններ ու ընդդիմություն ունենալու, այսքան կեղծիքը, սուտը, մատնությունն ու դավաճանությունը հանդուրժելու պարագայում դեռ ապրում ենք հաշտ ու հանգիստ այս ամենի հետ։ Ապրում ենք իրականությունից կտրված ու պատրանքներով։
Սեփական սկզբունքների ու սրբությունների բացակայությամբ է պայմանավորված այն, որ կանխազգալով պետականության կորստի ու մի նոր ցեղասպանության իրական վտանգը՝ ազգը չի մտահոգվում, չի ինքնակազմակերպվում, չի համախմբվում պայքարելու համար։ Այն անհանգստության ու սթափության լուրջ նշաններ ցույց չի տալիս և գրեթե ոչինչ չի անում այս դժոխային մղձավանջից դուրս գալու համար։
Զավեշտ է ու ազգային մոլորություն, երբ ազգը խաղաղություն ու անվտանգություն է որոնում իր դարավոր թշնամիների մոտ՝ այնտեղ, որտեղ իրեն տանել չեն կարողանում և որտեղ բազմիցս ցեղասպանել են իր ու այլ ազգերի՝ հույների ու քրդերի նախնիներին։ Այնտեղ, որտեղ իր հայրենակիցներից շատերը ծպտյալի կարգավիճակով են ապրում, որտեղ պետական մակարդակով ատելության քարոզ են տանում մեր ազգի նկատմամբ, որտեղ ոչ մեկի հետ անկեղծ չեն և բոլոր հարևանների նկատմամբ տարածքային հավակնություններ ունեն։ Այնտեղ, որտեղ պետության ռազմավարության մակարդակով ծրագրված է հայի բնաջնջումն ու հայոց պետականության կործանումը։
Եթե այսքանից հետո ազգը չի ցանկանում դուրս գալ այս վիճակից, ուրեմն հաշտվել է ստրկության ու թրքահպատակության հետ և կոչված չէ անկախ, արժանապատիվ ու ազատ ապրելու։ Ուրեմն նա կայացած չէ անկախության ու պետականության համար և դատապարտված է հպատակության։ Ուրեմն ազգն իրատեսության ու բարոյականության հետ լուրջ խնդիրներ ունի, ուրեմն դեռևս ապաքինված չեն հարյուրամյակների ընթացքում ինքնության ստացած խորը վերքերը, և նա վերադաստիարակման, բարոյական բուժման ու աջակցության լուրջ կարիք ունի։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու
Դիտվել է՝ 470

Մեկնաբանություններ