Կարծում եմ՝ համաշխարհային մասշտաբով ամենատրագիկոմիկ կերպարը ԱՄՆ նախագահ Դ. Թրամփն է (ընդ որում, ամեն տարածաշրջան ու երկիր իր թիվ մեկ տրագիկոմիկն ունի): Մարդը, ոտնահարելով քաղաքավարության ու բարոյականության տեսանելի սահմանները, բացահայտ պահանջում է, որ իրեն տրվի Խաղաղության նոբելյան մրցանակը: Սա մեծամոլության ու նարցիսիզմի գերազանց օրինակ է: Մի կողմ թողնենք, թե իրական ինչ ներդրում է ունեցել տարբեր հակամարտությունների դադարեցման գործում, աչքի առաջ ունենանք այն վիթխարի պատերազմը, որ նա սանձազերծել է Իրանի դեմ՝ ավելի սասանելով աշխարհում առկա երերուն հավասարակշռությունը: Թրամփը տրամադրության կրիտիկական պահերին շարունակ սպառնում է վերացնել Իրանը և իրանական քաղաքակրթությունը, այն հինավուրց ու բազմաբեղուն քաղաքակրթությունը, որի առջև ներկա ամերիկյանը պետք է խոնարհ սանի պես համեստորեն կանգնի: Գուցե և վերացնի, եթե իսկապես ի զորու լինի նման բան անելու: Բայց քաղաքակրթության թշնամիներ համարում է ուրիշներին:
Թրամփը պարծենում է, թե լուծել է հայ-ադրբեջանական հակամարտությունը. Չի՜ լուծել, այն իրականում շարունակվում է, և քանի դեռ կա արցախահայության վերադարձի խնդիրը, այդ հակամարտությունը շատ հեռու է մնում հանգուցալուծումից:
Կեղծ, սխալ հաշվարկված ու այսրոպեական գործարքները չեն կարող տևական խաղաղություն բերել և ոչ մի տարածաշրջանում: Եվ մեղք է «խաղաղություն» բառն ինքը նրանց բերաններում, ովքեր օր ու գիշեր ծամծմում են այն ի շահ իրենց:
Իսկ ի՞նչ է խաղաղությունը: Ասեմ.
Խաղաղրությունը
այն է, երբ բոլորս
ապրում ենք մեր տներում՝
անշառ երկնքի տակ,
և ոչ ոք չի կրակում մեզ վրա:
Եվ ոչ ոք չի որոճում՝ վերացնել մեզ:
Ամենամեծ հեգնանքը բախտից ու աշխարհից՝
երբ պատերազմի զոհ ես,
և զոհն ես խաղաղության:
Ու քեզ անտեսում են՝
ասես մի կորած ուրվականի:
Ի բնե խաղաղասեր եմ,
բայց ինչու՞ ոգիս վրեժ է տենչում
նույնիսկ գիշերային անդորրի մեջ:
Հրանտ Ալեքսանյան