ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Իսկ քաղաքական խոսք չկա ու չկա

Իսկ քաղաքական խոսք չկա ու չկա
03.08.2026 | 13:41

Որքան էլ կանխատեսելի ու դեժավյու առաջացնող էր, այնուամենայնիվ, հեքիաթին հավատացող մանուկների նման մենք սպասում էինք և այսօր հետևեցինք ԱԺ 9-րդ գումարման նստաշրջանի բացմանը: Անակնկալներ գրեթե չեղան, թեև նոր դեմքեր են հայտնվել խորհրդարանում և ակնհայտ էր, որ նրանք ճգնում են զարմացնել ու գոհացնել նախ իրենց ղեկավարներին, մի քիչ էլ` հանդիսատեսին:

Անդրանիկ նիստն ինձ մի քանի նոմինացիաներով մրցույթ հիշեցրեց, պայքար «ամենանողկալի պատգամավոր», «ամենասկանդալային հռետոր», «թիվ 2 Նիկոլ», «ամենաապաքաղաքական ելույթ»... կոչումների համար: Եղան, իհարկե, նաև խելացի ու պատճառաբանված ելույթներ, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանը քաղաքական մարմնից վերածել է ռինգի, որտեղ առանց կանոնների մարտեր են ընթանում, ուստի մենք արդեն 5 տարի է միայն լեզվակռիվ, փոխադարձ վիրավորանքներ ենք լսում, իսկ քաղաքական խոսք չկա ու չկա:

Որքան էլ տարօրինակ հնչի` քիչ թե շատ քաղաքական ելույթ էր Ռուբեն Ռուբինյանի ելույթը, որն ի դեպ շատ նման էր 2021 թվականին Ալեն Սիմոնյանի ելույթին` ребята, давайте жить дружно…բայց ամբողջ զավեշտն այն է, որ Ռուբինյանը զրոյական կետից սկսելու կոչն ուղղում է ընդդիմությանը, բայց այդ մասին մոռացել է «տեղեկացնել» իր թիմակիցներին` Տարոն Չախոյանին, Արթուր չգիտեմինչյանին, Հասմիկ Հակոբյանին, Լիլի, թե Լիլիթ անունով կնոջը...իսկ ամենակարևորը` այս առաջարկը չի համաձայնեցրել իր առաջնորդի հետ, որն ուղղակի սնվում է կոնֆլիկտներից, իսկ խաղաղ գոյակցությունը պատկերացնում է միայն թուրքի ու ադրբեջանցու, բայց ոչ հայ ընդդիմադիրների հետ:

Ինչու՞ 2021-ի խորհրդարանը դարձավ քֆուր-քյաֆարի, ծեծուջարդի, դահլիճից պատգամավորներին բռնությամբ հեռացնելու խորհրդարան, որովհետև ՔՊ ղեկավարը դա էր ուզում: Ես վստահ եմ` չլինի Փաշինյանը, ՔՊ ողջ զանգվածը կվերադառնա կառուցողական ու քաղաքակիրթ աշխատանքի դաշտ:

Հիմա մի քանի բան էլ ընդդիմադիրներին ասեմ. Մի խեղճացեք, մի արդարացեք, պաշտպանողական տակտիկան փոխարինեք հարձակողականով (բնականաբար խոսքը խոսույթի, ելույթների, կրեատիվ քայլերի մասին է): Երբ որ ասել եք` 300 հազար ադրբեջանցի գալու է Հայաստան, նկատի չեք ունեցել հունիսի 8-ից քարավանները ձգվելու են, 2020-ին էլ զգուշացնում էին, որ Արցախը կորցնելու ենք` 3 տարի անց իրականություն դարձավ...

Ընտրակաշառքների մասով չկա ոչ մի դատավճիռ, ժամանակին էլ ասում էին` 12 հազար դասալիք է եղել, դա էր պատերազմում պարտության պատճառը, այս տարիներին գեթ 12 դատավճիռ չի արձակվել այդ «դասալիքների» նկատմամբ:

Բարեգործության թեմայով. մի տրվեք ՔՊ-ականների շանտաժներին, թե դուք խտրականություն եք դնում ՀՀ քաղաքացիների շրջանում` ձեր ընտրողներին կոմբայններ եք նվիրում, մեր ընտրողներին` ոչ: Սրա պատասխանը մեկն է` լավ ենք անում, բարեգործությունը պարտականություն չէ` ում ուզում ենք, նրանց էլ նվիրում ենք: Եվ առհասարակ` այդ մենք կարող ենք ձեզնից հաշվետվություն պահանջել, հարցեր տալ, հեգնել ու հանդիմանել, դուք դրա իրավունքը չունեք:

Պարզ է, որ նստաշրջանի մեկնարկին իշխանությունն անհանգիստ է, փորձում է «դրվածքը դնել»` ընդդիմադիրների աչքն էս գլխից վախեցնել (ի դեպ, կատու ճղելու պատմությունը Փաշինյանի սիրած պատմություններից էր): Դուք էլ ձեր դրվածքը դրեք, մի վախեցեք, մի նահանջեք, բայց նաև մի լաչառացեք, կարողացեք լռել` երբ հարկավոր է, խոսել` երբ անհրաժեշտ է:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 120

Մեկնաբանություններ