Եվս մի քանի դիտարկում Ռուբինյանի՝ «Ադանա քյաբաբի» հետ կապված, որի շուրջ փաստացի 4-րդ օրն է՝ ընթանում է ողջ քաղաքական դիսկուրսը:
Ասեմ, որ սա քաղաքական հաղորդակցության բավական հայտնի հնարք է։ Երբ որևէ թեմա երկար ժամանակ հանրության համար զգայուն է, քաղաքական գործիչը երբեմն փորձում է այն ներկայացնել որպես սովորական, կենցաղային և անվնաս երևույթ (ինչ ա եղել ո՞ր)։ Այդ կերպ ծանր քաղաքական հարցը աստիճանաբար տեղափոխվում է առօրյայի դաշտ, որից հետո, արդեն, քննարկումն այլևս ոչ թե վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, պատմական հիշողությանը կամ պետական քաղաքականությանը, այլ այն մտքին, որ «ի՞նչ կա որ, մարդը Թուրքիայում ապրել է, քյաբաբ է կերել»։
Սակայն այստեղ կարևոր է նաև պատմաքաղաքական ենթատեքստը։ Ադանան պարզապես Թուրքիայի քաղաք չէ, այլ հայկական պատմական տարածքի մի մաս, որտեղ մինչև 1915 թվականը հայերը մեծաթիվ բնակչություն էին կազմում։ Այդ քաղաքի անունը հայ հասարակության պատմական հիշողության մեջ կապվում է առաջին հերթին 1909 թվականի Ադանայի կոտորածների հետ, որոնք դարձան Հայոց ցեղասպանությանը նախորդած ամենաողբերգական էջերից մեկը։ Այդ պատճառով, երբ հայ քաղաքական գործիչ կոչված անհատը հենց «Ադանա քյաբաբ» ձևակերպումն է դարձնում իր խոսքի օրինակներից մեկը, բնական է, որ շատերի համար դա ընկալվում է ոչ թե որպես զուտ գաստրոնոմիկ հիշողություն, այլ որպես խորհրդանշական ընտրություն։
Գաղտնիք չէ, որ քաղաքականության մեջ կարևոր է ոչ միայն այն, թե ինչ է ասվում, այլ նաև այն, թե ինչ խորհրդանիշներ են ընտրվում այդ խոսքը փոխանցելու համար։ Որպես կանոն՝ քաղաքական գործիչները բառերը հենց այնպես չեն ընտրում։ Յուրաքանչյուր օրինակ, յուրաքանչյուր տեղանուն, յուրաքանչյուր պատմական հիշատակում ձևավորում է որոշակի ասոցիացիա և հաղորդագրություն։
Եթե Ռուբինյանի նպատակը լիներ, որ ինքը Թուրքիայում ապրել է, կարելի էր ընդհանրապես որևէ ուտեստ չհիշատակել։ Իսկ եթե պետք էր բերել որևէ կենցաղային օրինակ, կարելի էր ընտրել տասնյակ այլ ձևակերպումներ։
Այնպես որ, խորհրդանիշներն ազդում են հանրային ընկալման վրա ոչ պակաս, քան պաշտոնական հայտարարությունները։
Հենց այդ պատճառով էլ նման արտահայտությունները չի կարելի գնահատել միայն բառացի իմաստով։
Հ.Գ. Թերևս ճակատագրի հեգնանք կամ նախախնամություն է, որ «Ադանա» քյաբաբի մասին խոսում է Ռուբինյան ազգանվամբ անձը, իսկ 1000 տարի առաջ Ռուբինյան ազգանունով մեկ այլ Ռուբեն Կիլիկայի Վահկա ամրոցում հիմնեց Կիլիկիայի Հայկական իշխանությունը:
Ասեմ՝ շատ հետաքրքիր կլիներ երկու Ռուբենների հանդիպումը. ավագ Ռուբենը հաստատ շատ ասելիք կունենար:
Արմեն Հովասափյան