ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Երկրի անվտանգության գեներալը

Երկրի անվտանգության գեներալը
06.10.2026 | 12:33

Մահվան տարելիցին ընդառաջ՝ հոկտեմբերի 3-ին, Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ ԱԱԾ պահեստազորի գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանի «Լեյտենանտից գեներալ-լեյտենանտ» գրքի շնորհանդեսը։
Ժանրային առումով լինելով կենսագրական՝ այս գիրքն իրականում մեր երկրի վերջին քառասուն տարիների զարգացումների փաստական ժամանակագրությունն է։ Այն պատմաբանների համար հրաշալի նյութ է իրադարձությունների ու դրանց պատճառահետևանքային կապերի վերհանման, ուսումնասիրության և վերլուծության համար, ինչպես նաև հավաստի սկզբնաղբյուր է այս կամ այն եղելության ու իրողության վերհուշի համար։
Գիրքը շարադրված է պարզ ու մատչելի լեզվով, ունի հարուստ փաստական հենք և հստակ ընդգծված շարունակականություն։ Այն զերծ է ոլորտի ներկայացուցիչների մասին մեզանում հրատարակվող գրքերին բնորոշ դարձած չափազանցված գունազարդումներից ու եղելությունների անհարկի գեղարվեստականացումից։ Գիրքն օբյեկտիվ է, անաչառ, սթափ ու խորհրդատու։
Գրքի շնորհանդեսին իրենց օրհնությունն էին բերել Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և հանդիսությունը Եպիսկոպոսյան ընտանիքի հետ հավասարապես կազմակերպած ու փայլուն ղեկավարած Տեր Հեթում քահանա Թարվերդյանը՝ Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքի հոգևոր հովիվը։
Ելույթներ ունեցան նաև Հրանտ Եպիսկոպոսյանի ու Վրեժ Արզումանյանի հետ ԱԱԾ պահեստազորի միությունը հիմնադրած, ԱԱԾ նախկին տնօրեն, գնդապետ Միքայել Համբարձումյանը, գեներալի երբեմնի լավագույն գործընկերներից Արտակ Քոչինյանը, ընտանիքի անդամներից՝ կրտսեր դուստրն ու ավագ թոռնուհին, և գիրքը կազմած ու հրատարակության պատրաստած անձս։ Շնորհանդեսի ավարտին ծաղիկներ խոնարհվեցին վանքի պատի տակ հուղարկավորված Վարդան արքեպիսկոպոս Եպիսկոպոսյանի շիրիմին։
Այնուհետև Երևանից ժամանած մեծաթիվ հյուրերը հրավիրվեցին Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանք։ Այնտեղ Եպիսկոպոսյան ընտանիքի կողմից վանական սրբավայրին նվիրաբերվեցին Մյուռոնաթափ Աղավնի և արծաթապատ Ճաշու Ավետարան, որոնք այսուհետ կծառայեն Սուրբ Պատարագի և եկեղեցական այլ ծիսական արարողությունների ընթացքում։ Ի գնահատումն Ախթալայի վանքի շենացման գործում ներդրած ավանդի՝ Գուգարաց թեմի առաջնորդի կողմից, ձեռամբ Տեր Հեթումի, օրհնության գիր շնորհվեց Ելենա Եպիսկոպոսյանին։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 327

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ