Հիշում եք, չէ՞, ինչպես Եզովպոսը փրկեց իր տիրոջը՝ հույն փիլիսոփա, հռետոր Քսանթոսին ծաղրի առարկա դառնալուց, խայտառակվելուց և ունեզրկվելուց, երբ վերջինս, խնջույքից հետո լրիվ անմեղսունակ վիճակում, հայտարարել էր, թե կխմի ծովը: «Գնա և խմիր ծովը, Քսանթոս,- խորհուրդ էր տվել հնարամիտ ստրուկը,- բայց՝ մի պայմանով: Թող հեռացնեն ծովից բոլոր այն գետերի ջուրը, որոնք ծովն են լցվում ամեն օր, մինչդեռ դու անխառն ծովն ես խոստացել խմել»:
Փաստորեն, մի հիմարության կանխավարկած ջրվեց մեկ այլ հիմարության կանխավարկածով, և սնապարծ հարբեցողը ջրից չոր դուրս եկավ:
Քանի՞ հազարամյակ է անցել եզովպոսյան ժամանակներից՝ ա՛յ էդքան հազարամյակ էլ հիմարացնելու «նուրբ արվեստը» շարունակում է իր հաղթարշավը՝ նոր հարյուրամյակներին սազական նրբություններով: Հայերս, որպես հնագույն և հնարամիտ, «նուրբ արվեստների» նկատմամբ էլ առանձնակի թուլություն ունեցող ազգ, չէինք կարող դուրս մնալ այդ «արշավանքից» ու չառանձնանալ թե՛ հիմարացնողների, թե՛ հիմարացողների ինքնատիպությամբ:
2018-ին այս «ինքնատիպությունը» ինքն իրեն գերազանցեց, 2021-ին սահմանեց համաշխարհային ռեկորդ, 2026-ի հունիսի 7-ին էլ տիեզերական անչափելիությունը նվաճելու հայտ է ներկայացրել: Հիմարացնողների անփոփոխ առաջնորդը նույնն է՝ փիլիսոփա-հռետորի հովերով տարված մերօրյա քսանթոսը, որ քարոզարշավից դեռ շատ առաջ է սկսել «ծովը խմելու» սնապարծ խոստումներ տալ: Այսօր էլ ծովատառեխների հերթական չափաբաժինը կախեց հիմարանալու պատրաստ ընտրազանգվածի ականջներից՝ հավաստիացնելով, թե պատրաստ է լքել վարչապետի աթոռը, եթե 300-ից 500 հազար մարդ հավաքվի հրապարակում և պահանջի իր հրաժարականը: Մի կարճ պահ տուրք տանք հիմարության կանխավարկածին և զուտ հիպոթետիկորեն պատկերացնենք, թե հավաքվել է այդ 500 հազարը: Հռետորը տե՞ր է կանգնելու իր խոսքին, թե՞ եզովպոսյան հայտնի հնարքն է գործի դնելու, պահանջելով հատ-հատ առանձնացնել նրանց, ովքեր զոհված պիտի լինեին դեռ 2020-ին և դրանից հետո, բայց չեն զոհվել կասկածելի հանգամանքներում, ըստ այդմ, ողջ էլ չեն կարող համարվել: Կասկածու՞մ եք, որ նրանք, ովքեր գենետիկորեն հակված են հիմարանալու, միանգամայն խելքին մոտ կհամարեն այս պատճառաբանությունը, դեռ ծափ էլ կտան: Ես չեմ կասկածում: Կկասկածեմ, երբ այս նույն ծափ տվողները հունիսի 7-ին մտնեն քվեախցիկ և հավաստեն, որ սպառվել է հիմարանալու իրենց լիմիտը: Ավելին՝ ներողություն կխնդրեմ կանխակալության համար: Հավատացեք՝ ծափ էլ կտամ: Վաղուց ծափ չեմ տվել: Պիտի գա, չէ՞, այդ օրը: Ծափ տալու մե՛ր ժամանակը:
Լիլի Մարտոյան