ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Պատերազմը չի ավարտվել. սա ընդամենը զինադադար է

Պատերազմը չի ավարտվել. սա ընդամենը զինադադար է
08.04.2026 | 12:45

Այսպիսով, ԱՄՆ/Իսրայելի և Իրանի միջև կնքվեց զինադադար՝ Պակիստանի (ըստ վերջին տեղեկությունների, նաև Չինաստանի ետնաբեմային) միջնորդությամբ։ Երկու կողմերը միմյանց ներկայացրել են իրենց պահանջների փաթեթները, որոնց շուրջ էլ երկշաբաթյա ընթացքում պետք է ընթանան բանակցություններ։ Կարևոր է հասկանալ, որ այդ բանակցությունների հիմքը կազմելու է ոչ թե ԱՄՆ-ի ներկայացրած 15-կետանոց փաթեթը, որը Իրանը սկզբունքորեն մերժել է, այլ Իրանի 10-կետանոց ծրագիրը, որն էլ, սակայն, հազիվ թե ընդունելի լինի ԱՄՆ-ի և Իսրայելի համար։

Նախքան այդ կետերի վերլուծությանը անցնելը, անհրաժեշտ է շատ համառոտ գնահատել տեղի ունեցածը։ Այս պահի դրությամբ ԱՄՆ-ը և Իսրայելը, փաստորեն, չեն հասել իրենց հայտարարած և չհայտարարված գլխավոր նպատակներից և ոչ մեկին.

• Իրանի կառավարությունն ու ամբողջ պետական համակարգը չեն տապալվել, այլ, ընդհակառակը, զգալիորեն ամրապնդվել են՝ երկրի դեմ ուղղված արտաքին հարձակման և ժողովրդի դեմ իրականացված ռազմական հանցագործությունների բերումով առաջացած աննախադեպ հայրենասիրական ալիքի։

• Իրանի ներսում սոցիալական բողոքի որևէ լուրջ ալիք չի բարձրացել, իսկ ազգային փոքրամասնությունները չեն ապստամբել կենտրոնական իշխանության դեմ։

• Իրանի զինված ուժերը չեն քայքայվել կամ կազմալուծվել, այլ ամբողջությամբ պահպանել են իրենց կառավարման համակարգը և ձեռք բերել հույժ կարևոր մարտական փորձ։

• Իրանի միջուկային ծրագիրը չի ոչնչացվել, իսկ հարստացված ուրանի պաշարները պահպանվում են։

• Իրանի բալիստիկ հրթիռների արտադրության և կիրառման համակարգը չի խափանվել, այլ, հակառակը, շարունակել է կատարելագործվել և աստիճանաբար բարձրացնել իր արդյունավետությունը։

Ճիշտ է, Իրանը կրել է զգալի մարդկային և մեծ նյութական կորուստներ, որոնք, սակայն, տեսականորեն հնարավոր է փոխհատուցել՝ նույնիսկ միայն նավթի վաճառքի և Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության ամրապնդման ու նավթատար լցանավերից տուրք գանձելու միջոցով (ինչը կարող է նույնիսկ ավելի մեծ եկամուտ ապահովել, քան նավթի ուղղակի վաճառքը)։

Սակայն կա մի կարևոր հանգամանք, որը պետք է հստակ գիտակցել. ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ։ ՍԱ ԸՆԴԱՄԵՆԸ ԶԻՆԱԴԱԴԱՐ Է։ ԱՄՆ-ը և Իսրայելը դժվար թե համակերպվեն հզորացող Իրանի հետ։ Ավելին՝ Իսրայելն արդեն հայտարարել է, որ այս զինադադարը չի տարածվում Հեզբոլահի և Լիբանանի դեմ իր գործողությունների վրա՝ հակասելով Պակիստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությանը։ Սա, ըստ էության, պայմանավորվածության առաջին խախտումն է։

Ինչ վերաբերում է Հայաստանին և այսրկովկասյան տարածաշրջանին, ապա կարելի է վստահ ասել, որ Ադրբեջանը, համոզվելով Իրանի հզորության մեջ, առաջիկայում չի համարձակվելու հարձակվել Հայաստանի վրա։ Միաժամանակ, ներկա պայմաններում խոսք լինել անգամ չի կարող Թրիփ/Թրամփի ուղի ծրագրի գործարկման մասին։ Իրանը դա չի հանդուրժի։

Կան բազմաթիվ հարցեր, որոնց ավելի մանրամասն կանդրադառնամ այսօր օրվա երկրորդ կեսին նախատեսված հարցազրույցներում։ Իսկ այժմ ներկայացնում եմ Իրանի 10-կետանոց ծրագրի հիմնական դրույթները.

1. ԱՄՆ-ի կողմից ագրեսիայից զերծ մնալու պարտավորություն

o Իրանը պահանջում է հստակ և պաշտոնական երաշխիքներ, որ ԱՄՆ-ը չի դիմի ռազմական գործողությունների։

2. Հորմուզի նեղուցի վերահսկողություն և անվտանգ նավարկություն

o Իրանը պահպանում է վերահսկողությունը՝ միաժամանակ առաջարկելով «անվտանգ անցման» մեխանիզմ։

3. Ուրանի հարստացման իրավունքի ճանաչում

o Իրանը պնդում է իր միջուկային ծրագրի պահպանման վրա (թեև հնարավոր է որոշակի զիջումներ՝ հարստացման մակարդակի սահմանափակման հարցում, եթե բավարարվեն մյուս պահանջները)։

4. Բոլոր պատժամիջոցների վերացում

o Խոսքը վերաբերում է թե՛ ամերիկյան, թե՛ միջազգային բոլոր սահմանափակումների լիակատար վերացմանը։

5. ՄԱԿ-ի և ՄԱԳԱՏԷ-ի սահմանափակումների դադարեցում

o Իրանը ձգտում է ազատվել միջուկային ծրագրի նկատմամբ արտաքին վերահսկողության սահմանափակումներից։

6. Պատերազմական վնասների փոխհատուցում Իրանին

o Նախատեսվում է ֆինանսական և նյութական փոխհատուցում՝ հավանաբար հատուկ միջազգային կամ ներդրումային մեխանիզմների միջոցով։

7. ԱՄՆ ռազմական ուժերի դուրսբերում տարածաշրջանից

o Ներառում է ամերիկյան ռազմաբազաների փակումը և ռազմական ներկայության էական կրճատումը։

8. Ռազմական գործողությունների լիակատար դադարեցում բոլոր ճակատներում

o Ներառում է նաև Իրանի դաշնակիցների, հատկապես Հեզբոլահի դեմ գործողությունների դադարեցումը, ինչպես նաև Գազայում պատերազմական գործողությունների ավարտը։

9. Հրադադար և տարածաշրջանային հակամարտությունների ավարտ

o Այդ թվում՝ Լիբանան, Իրաք, Եմեն, Գազա և այլ ուղղություններ։

10. Ընդհանուր դեէսկալացիա և հակամարտության վերջնական ավարտ:

ԻՐԱՆԸ ՇԵՇՏՈՒՄ Է, ՈՐ ԽՈՍՔԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՈՉ ԹԵ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ, ԱՅԼ ՄՇՏԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ։

Մնացածի մասին՝ հաջորդիվ։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 1270

Մեկնաբանություններ