ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Կրթության նվիրյալը

Կրթության նվիրյալը
05.08.2026 | 14:22

Պատմական ժամանակների տեսակետից մեծագույն հայ բարերարը Ալեքսանդր Մանթաշյանցն է։ Նրա բազմակողմանի, բազմաբնույթ բարեսիրական ձեռնարկների թվում առանձնակի տեղ էր զբաղեցնում կրթությունը։ Երկար տարիներ եղավ Թիֆլիսի ռուսական ռեալական գիմնազիայի գլխավոր հոգաբարձուն, հիմնեց իր անունը կրող վաճառականական դպրոցը, որտեղ մասնագիտություն էին ստանում հայ պատանիները, կառուցեց Ներսիսյան դպրոցը, որը մինչև փակվելը ավարտեց 2000 հոգի, մարդիկ, որոնք անգնահատելի դերակատարում ունեցան հայ ժողովրդի մտավոր ու քաղաքակրթական առաջընթացում։

Ա․ Մանթաշյանցն հատուկ վերաբերմունք ուներ ուսանողների նկատմամբ և ասում էր․ «Ուսանողը մեր ազգի ապագան է»։ Ըստ իմ հետազոտության, նրա ֆինանսավորման շնորհիվ՝ 400 հազար ռուբլի, Ռուսաստանի ու Եվրոպայի բուհերում կրթվել է շուրջ 1000 հայ երիտասարդ, դառնալով բժիշկ, ուսուցչապետ, ուսուցիչ, ճարտարապետ, ճարտարագետ, երկրաբան, երգիչ, նկարիչ․․․

Հարկ է նշել, որ Ա․ Մանթաշյանցը որդեգիր՝ կրթաթոշակավոր ուսանողներ, ընտրելու երկու սկզբունք ուներ։ Նախ, ընդառաջում էր այն մարդկանց խնդրանք-միջնորդություններին, որոնց ճանաչում ու որոնց կարծիքը հաշվի էր առնում։ Երկրորդ, անձամբ էր շփվում ու սեփական որոշումը կայացնում։

Թվարկեմ կրթաթոշակառուներից ոմանց՝ Խ․ Աբովյանի թոռ, Ռ․ Պատկանյանի, Րաֆֆու, Պ․ Պռոշյանի, Շիրվանզադեի, Ալ․ Երիցյանի, Համբ․ Առաքելյանի որդիներ, գիտնականներ Հ․ Մանանդյան և Ն․ Ադոնց, երգիչներ Ա․ Շահմուրադյան և Տ․ Նալբանդյան, բժիշկ Կ․ Աղաջանյան, բոլշևիկ Ստ․ Շահումյան։ Իսկ ամենանշանավորը և անկրկնելին Կոմիտաս վարդապետն էր․․․

***

Որդեգիրները տարբեր խառնվածքի և տարբեր ճակատագրի տեր մարդիկ էին։ Քիչ չէին այնպիսիք, որոնք բուհ ավարտելուց հետո չէին հայտնում այդ մասին ու շարունակում էին ֆինանսական միջոցներ ստանալ։ Երբ Ա․ Մանթաշյանցին տեղեկացնում էին այդ մասին, չէր զայրանում, ընդամենը ձեռքը թափ էր տալիս։ Սակայն կային և ուրիշներ։ Պատմեմ նրանցից մեկի մասին։

Փարիզում ոմն երիտասարդ մի քանի անգամ փորձում է Ա․ Մանթաշյանցի տեսակցությանն արժանանալ։ Ի վերջո, հաջողում է։

Ա․ Մանթաշյանցը հարցնում է․

-Ի՞նչ եք կամենում։

Երիտասարդը պատասխանում է․

-Եկել եմ պարտքս կատարելու և ձեզ իմ շնորհակալությունը հայտնելու։ Ես չորս տարի ձեր կրթաթոշակավորն եմ եղել, այժմ ավարտել եմ․․․

Բարերարն այլայլվում է ու երկար ժամանակ խոսք չի գտնում ասելու։ Ապա գրկում է երիտասարդին և մրմնջում․

-Գիտե՞ս, իմ կրթաթոշակավորներից որը բժիշկ, որը ինժեներ, որը իրավաբան դարձավ, և միայն դու էիր, որ մարդ դարձար․․․

***

Հիմա մեղրին մի քիչ քացախ խառնեմ։

Ես ուսումնասիրել եմ նաև Հայաստանի բոլոր անվանակիր դպրոցները։ Մարդիկ, որոնց անունները կրում են դպրոցները, մտովի բաժանել եմ երեք խմբի՝ արժանավորներ, անարժաններ և անհասկանալիներ։ Գուցե տարօրինակ թվա, բայց Երևանում առայսօր կա բոլշևիկի անուն կրող միջնակարգ դպրոց։ Այնինչ Ալեքսանդր Մանթաշյանցի անունը կրող ոչ մի ուսումնական հաստատություն գոյություն չունի։

Մարդ չդառանք․․․

Խաչատուր Դադայան

Դիտվել է՝ 504

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ