«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Խղճի նահատակը

Խղճի նահատակը
25.10.2026 | 10:46

Ոչ մի կանոնագիրք ու վերադաս հրաման չկարողացան եղծել քո ներսի մարդակերտ պատվանդանը,
Լիճքի հոգեբարձր ու արդարամիտ գավառապետ՝ Հյուսեյն Նեսիմի,
որ գավառապետական քո աթոռը չդարձրիր դահճապետական սեղան,
այլ սրբագործեցիր որպես փրկարան ու հույսի պատվար։
Երբ Դիարբեքիրի արյունածարավ նահանգապետ Ռեշիդի հրամանները՝
մահատարած, կոտորակոծ ու ցեղասպան,
հասան քո գավառի դարպասներին՝ պահանջելով հայության բնաջնջումը,
դու չդարձար կամակատարն այդ ոճրահորձան հողմերի,
այլ կանգնեցիր որպես անդրդվելի, լուսապաշտպան մի ժայռ,
ու քո մարդախոս շուրթերով որոտացիր.
«Ես այս մեղքին ու ոճրին գործընկեր չեմ դառնա»։
Դու ամեն կերպ հետաձգեցիր, խոչընդոտեցիր, կոտրեցիր տեղահանության ծնկները,
Լիճքի մոտ վեց հազար հայությանը պաշտպանելու համար
դու բանակցեցիր տեղի քուրդ ցեղապետերի ու ազդեցիկ դեմքերի հետ,
որպեսզի նրանք վնաս չտան հայերին,
իսկ առաջին աքսորվող քարավաններին ինքդ անձամբ ուղեկցեցիր,
որպեսզի հայի այրան ծարավ բաշիբոզուկների հարձակումները կանխես քո ներկայությամբ։
Դու բացահայտորեն ընդդիմացար մարդասպանության այդ պետական մեքենային,
մերժեցիր աքսորի ու կոտորածի ճամփաներին գամել Լիճքի հայ զանգվածներին,
և քո իշխանական լիազորություններն օգտագործեցիր որպես կյանքապարգև վահան։
Դու թաքցրիր, պաշտպանեցիր ու փրկության ճամփաներ փնտրեցիր հայության համար,
ում արյունը ուրիշները համարում էին իրենց կարիերայի հաղթատարրը։
Տեսնելով քո անդրդվելի, աննահանջ դիմադրությունը՝
նահանգապետ Ռեշիդը քեզ խորհրդակցության պատրվակով կանչեց Դիարբեքիր։
Եվ հունիսյան այդ չարաբաստիկ օրերին՝ կեսճանապարհին,
Քարազի մոտակայքում, քո կյանքի թելը դավադրաբար կտրվեց
նրա ուղարկած մարդասպանների ձեռքով,
հենց այն պատճառով, որ դու մերժեցիր կտրել ուրիշի կյանքի թելը։
Դու դարձար թուրք պաշտոնյաների մեջ այն եզակի, մարդակերտ սրբությունը,
որ սեփական արյամբ վճարեց հայության փրկության համար,
արխիվների մութ էջերից ճառագելով որպես արդարության հավերժական, անլռելի ղողանջ։
Շնորհակալություն, Մեծ Մարդասեր։

Շուշաննա Հայասա
Դիտվել է՝ 968

Մեկնաբանություններ