ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

ինչո՞ւ պետք է Բրյուսելը միջոցներ ծախսի ընդդիմության վրա մի երկրում, որի իշխանություններն առանց այդ էլ հանդես են գալիս որպես եվրաինտեգրման օպերատորներ

ինչո՞ւ պետք է Բրյուսելը միջոցներ ծախսի ընդդիմության վրա մի երկրում, որի իշխանություններն առանց այդ էլ հանդես են գալիս որպես եվրաինտեգրման օպերատորներ
21.08.2026 | 18:07

Դժվար է հասկանալ «Ուժեղ Հայաստան» խմբակցության որոշումը՝ ընտրել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նախագահելու համար։

Խնդիրն ամենևին այն չէ, որ «Ուժեղ Հայաստանը» ավանդաբար ընկալվում է որպես ռուսամետ ուժ։

Խնդիրն այն է, որ Ռուսաստանից մշտապես սահմանազատվելու փորձերը, որոնք սկսվել են դեռ նախընտրական արշավի ժամանակ, հակառակ ազդեցությունն են ունենում։ Նման շրջադարձը լիովին հակասում է հենց կուսակցության ծագումնաբանությանը՝ թե՛ նրա առաջնորդի, թե՛ առանձին առանցքային դեմքերի պարագայում։

Եվ հիմա էլ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի ընտրությունն ընդամենը արտաքին քաղաքական դիվերսիֆիկացմանը սեփական հավատարմությունը ցույց տալու փորձ է։ Եթե մի կողմ դնենք ավելորդ փաթեթավորումը՝ եվրոպական կողմնորոշվածությանը։

Նման վարքագծի նպատակը բնակչության լայն շերտերի համակրանքը շահելն է, որոնք, «փորձագետների» ու «վերլուծաբանների» ոչ պակաս լայն շրջանակների խորին համոզմամբ, հիասթափված են Ռուսաստանից ու ռուսներից։

Ինչո՞ւ չակերտներ։

Որովհետև Հայաստանում մեծ հաշվով չկա կիրառական սոցիոլոգիա։ Իսկ առանց սոցիոլոգիական էմպիրիկայի հասարակական տրամադրությունների, այդ թվում՝ արտաքին քաղաքական նախապատվությունների վերաբերյալ ցանկացած եզրակացություն առնվազն պետք է կասկած հարուցի։

Ահա թե ինչու եվրոպական ինտեգրման հանձնաժողովի ընտրությունը մոտավոր, աչքաչափով արված հաշվարկի արդյունք է։

Սա՝ առաջինը։

Երկրորդ։ «Ուժեղ Հայաստանը» իրականում եվրոպական ինտեգրման օրակարգ չունի։ Կան միայն արտաքին քաղաքական հավասարակշռման մասին հայտարարություններ։ Բրյուսելում սա շատ լավ են հասկանում և համապատասխան կերպով արձագանքում։ Այսինքն՝ ոչ մի կերպ չեն արձագանքում։

Հասկանալի է, որ մշտական հանձնաժողովի նախագահությունը ֆորմալ առումով «պատուհան դեպի Եվրոպա» է բացում։ Ավելի շատ շփումներ, ավելի շատ գործուղումներ։ Սակայն իշխանական կուսակցության առաջ մղած եվրաինտեգրման օրակարգի և դրան զուգահեռ ընթացող ռուս-հայկական կապերի կազմաքանդման ֆոնին «Ուժեղ Հայաստանի» ցանկացած արևմտամետ ջանք ուղիղ համեմատական է լինելու նրա վարկանիշի անկմանը։

Ցանկալի եվրաինտեգրման գծի մեջ օրգանապես տեղավորվելու համար կուսակցությունը պետք է դիվերսիֆիկացման իր հայեցակարգն ուղեկցի հստակ ընթերցվող հակառուսական քայլերով։

Պատրա՞ստ է արդյոք «Ուժեղ Հայաստանը» դրան։ Չեմ կարծում։

Իսկ եթե պատրաստ է, ապա ո՞րն է լինելու արտաքին քաղաքականության հարցերում նրա սկզբունքային տարբերությունն իշխանական կուսակցությունից։ Հարցը հռետորական է ու ավելի շուտ՝ սցենարային բնույթի:

Եվ վերջապես՝ երրորդը։ ԵՄ-ն պատրաստ է աշխատել ցանկացած երկրի եվրոպամետ ընդդիմության հետ միայն այն դեպքում, երբ այդ երկրի իշխանությունները գտնվում են հակադիր աշխարհաքաղաքական ճամբարում։ Պայմանականորեն ասած՝ «հավաքական Տիխանովսկայայի» հետ։

Ներեցեք պարզեցման համար, բայց ինչո՞ւ պետք է Բրյուսելը միջոցներ ծախսի ընդդիմության վրա մի երկրում, որի իշխանություններն առանց այդ էլ հանդես են գալիս որպես եվրաինտեգրման օպերատորներ։ Եթե Տիխանովսկայան հենց իշխանությո՞ւնն է։

Որովհետև ընդդիմությունն ավելի խելացի՞ է, ավելի կոմպետե՞նտ, ավելի համակրելի՞, քան իշխանությունը։

Չեմ վիճում՝ այն ավելի կոմպետենտ է ու ավելի համակրելի:

Բայց մեծ քաղաքականության համար դա ակնհայտորեն բավարար չէ։

Վահե Դավթյան

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է՝ 486

Մեկնաբանություններ