«Ինչո՞ւ Եկեղեցին հարկ չպետք է վճարի». այս հնաոճ ու անհեթեթ թեզը, ցավոք, այնքան կենսունակ գտնվեց, որ արդեն ծաղրական տոնայնությամբ հնչում է նաև նոր ձևավորված խորհրդարանում։ Դրա հեղինակները, հավանաբար, «մոռացել են», որ Հայ Եկեղեցին, ի տարբերություն ԵՄ անդամ երկրների ավանդական կրոնական կառույցների, պարզապես չունի էական հարկային արտոնություն, եղածից էլ զրկվել է ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում։ Ավելին՝ զրկված է նաև հանրային ֆինանսական որևէ աջակցությունից, ինչպիսին, օրինակ, սահմանված է հարևան Վրաստանում և բազմաթիվ այլ երկրներում, ինչի արդյունքում էապես խաթարվել է պատմամշակութային հուշարձան հանդիսացող սրբավայրերի, վանքերի և եկեղեցիների վերանորոգումը և պահպանումը։
Մի խոսուն ցուցիչ՝ անգամ Իրաքում և Իրանում Հայ Եկեղեցու թեմը օժտված է ավելի մեծ արտոնություններով, այդ թվում՝ պետական անհատույց անվտանգություն ապահովելու կտրվածքով, քան բուն Մայր Աթոռը Հայաստանում։ Մինչդեռ՝ Կրոնական ազատության միջազգային դաշինքի (Հայաստանը միացել է 2020թ. հունիսի 12-ին) հիմնադիր բանաձևում Իրաքը, Իրանը, Չինաստանը և այլն առաջնահերթ դիտարկվել են իբրև կրոնական ազատությունը ոտնահարող երկրներ։ Ի դեպ, նույն այդ փաստաթղթում կրոնական ազատության խնդիրներ չհարուցած երկրների թվում են հայտնվել Թուրքիան և Ադրբեջանը։ Բարեբախտաբար, Կրոնական ազատությունների հանձնաժողովը միայն 2026թ. զեկույցում դատապարտեց Ադրբեջանի կողմից Արցախի եկեղեցիների ոչնչացման փաստերը և կոչ արեց ԱՄՆ-ի իշխանությանը՝ Ադրբեջանին պահել «Հատուկ դիտարկման ցուցակում» (SWL), ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել կրոնական ազատության խախտումների համար մեղավոր պաշտոնյաների նկատմամբ։ Ավելորդ է ասել, որ այդ կոչը հասկանալի պատճառներով մնացել է թղթի վրա։
Հ.Գ. Մեծ ցավ է, որ գերկարևոր խնդիրները մի կողմ թողած, խորհրդարանի բարձր ամբիոնն օգտագործվում է զուտ ներքին սպառման համար նախատեսված արդեն խիստ ձանձրալի ու ցածրորակ թեզեր տարածելու համար։ Աստված պահապան մեր Ժողովրդին ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն:
Գևորգ Դանիելյան