Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

«Մամ, անդադար աղոթիր, միայն Աստված կարող է մեզ օգնել...»

«Մամ, անդադար աղոթիր, միայն Աստված կարող է մեզ օգնել...»
25.07.2026 | 12:37

Այս խոսքերը վերջինն էին, որ տիկին Լիանան լսեց իր 19-ամյա որդուց՝ Արզումանից, թեժ մարտի ճչացող լռության միջից։ Ու այդ պահից ի վեր մոր աղոթքը դարձավ անվերջ, իսկ որդու հիշատակը՝ հավերժական։

Արզուման Թորոսյանը ծնվել էր 2001 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում՝ զինվորականի ընտանիքում։ Նրա մեջ հայրենասիրությունն ու կարգապահությունը արյան հետ էին փոխանցվել։ Ընդամենը 12 տարեկանում նա արդեն Ստամբուլի ու Մոսկվայի մարզագորգերում ի տես աշխարհի բարձրացնում էր Հայոց եռագույնը։ «Սև գոտի» ունեցող չեմպիոն էր, ով սովոր էր առաջինը լինել ամենուր՝ թե՛ սպորտում, թե՛ Երևանի Բժշկական համալսարանում։

Նա երազում էր դառնալ բժիշկ-ստոմատոլոգ։ Հեռախոսով մոր հետ խոսելիս օրերն էր հաշվում. «Հուլիսին կզորացրվեմ, սեպտեմբերին կգնամ դասերիս…»։ Բայց 2020-ի հոկտեմբերի 2-ին նրան Մեղրիի զորամասից տեղափոխեցին Ջրականի կրակե հնոցը։

Արզումանն իր մարտական առաջադրանքը լիարժեք կատարել էր ու արդեն պետք է հետ վերադառնար, երբ իմացավ, որ ծառայակից ընկերները շրջափակման մեջ են ընկել։ Ու այստեղ խոսեց չեմպիոնի, հայ տղամարդու ու իսկական ընկերոջ տեսակը. նա չհեռացավ, նա 9 ընկերների հետ նետվեց դեպի կրակի գիծ՝ փրկելու մյուսներին։

Այդ խրամատում նրանք իրենց վրա վերցրեցին թշնամու ԱԹՍ-ի անողոք հարվածը… 10 տղաներից միայն մեկին հաջողվեց հրաշքով ողջ մնալ։

Արզումանը չհասցրեց հագնել բժշկի սպիտակ խալաթը, բայց իր կյանքի գնով դարձավ մեր հոգիների բժիշկն ու հավերժության լույսը։

Խոնարհում քո սուրբ հիշատակին, Արզումա՛ն ջան, ու քեզ պես լույս Հերոս մեծացրած Մոր առաջ։

Է. Հայրապետյան

Դիտվել է՝ 5431

Մեկնաբանություններ