ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Մեհմեդ էֆենդի. թուրքական ոստիկանության հայ բաշ-կոմիսարի գաղտնի ոդիսականը

Մեհմեդ էֆենդի. թուրքական ոստիկանության հայ բաշ-կոմիսարի գաղտնի ոդիսականը
07.11.2026 | 12:33

Անցյալ դարասկզբին Մուշում և Սասունում չկար մի հայ, որ չճանաչեր ու խորին ակնածանքով լցված չլիներ այս կոմիսարի հանդեպ։ Մեհմեդ էֆենդին՝ նույն ինքը` հայ ուսուցիչ Ավետիս Մարտիկյանը, անհավանական ու շատ հետաքրքիր կենսագրություն ունի:
Ծնվել է Մանազկերտի գյուղերից մեկում։ Պապենական տունը շեն և հարուստ լինելու պատճառով բազմիցս կողոպտվել է թուրքերի ու քրդերի կողմից: Իր հերթին Բաղեշի կուսակալ Հասան Թահսինը, իմանալով նրանց տան հարստության մասին, ձերբակալել է տալիս Ավետիսին, որպեսզի ազատ արձակելու դիմաց մեծ կաշառք կորզի։ Ավետիսը, տեսնելով, որ շարունակական կաշառքներ տալով` ունեցվածքից ոչինչ չի մնա, հնարամիտ միջոցի է դիմում:
Նա կուսակալին նամակ է գրում, որով հայտնում է, թե ցանկանում է իր կյանքը նվիրել պետությանը ծառայելուն: Նա խնդրում է իրեն ոստիկանական պաշտոն տալ ու ուղարկել հայ հեղափոխականների կենտրոնատեղի՝ Մուշ, որպեսզի բացահայտի ու պատժի նրանց։ Իբրև հավատարմության գրավական` նա կրոնափոխ է լինում և ընդունում մահմեդականություն։ Կուսակալը, նամակը կարդալով, ուրախանում է և Ավետիսին կնքելով նոր անունով՝ Մեհմեդ Խալըթ, ոստիկանի պաշտոնով ուղարկում է Մուշ:
Արդեն Մեհմեդ էֆենդի դարձած Ավետիսը թուրք և քուրդ պաշտոնակիցների մոտ իրեն միշտ ցույց է տալիս հայատյաց, բայց գաղտնի կապեր է հաստատում հայ ազատագրական ուժերի հետ: Նա հայտնում էր նրանց ոստիկանական և թուրքական զորքերի տեղաշարժերի վերաբերյալ կարևոր տեղեկություններ, բացահայտում հայ լրտեսների անունները` հետզհետե դառնալով Մուշի և Սասունի հայության սիրելին։
Երբ իր ծառայությունների համար հայերը որևէ նվեր կամ հյուրասիրություն էին մատուցում նրան, մերժում էր` ասելով, որ ինքն այդ ամենն անում է իր տանջվող ազգի համար։ Իրենց հերթին, հայերն էլ թուրքերի մոտ միշտ դաժան գույներով էին նկարագրում նրան, որպեսզի չբացահայտվի նրա հայասիրությունը։ Իր երեխաներին նա գաղտնի մկրտել էր տվել և դաստիարակում էր որպես հայեր։
Մեհմեդ էֆենդին Մուշում մնում է մինչև 1908 թվականը, ապա բաշ-կոմիսարի պաշտոնով տեղափոխվում է Վան, այնուհետև՝ Մոսուլ, ուր 1915 թվականին օգնություն է ցուցաբերում հայ աքսորյալներին։ Դրանից հետո նրան տեղափոխում են Կոստանդնուպոլիս, որտեղ Մաքրի գյուղում վարում է մյուդիրի (գյուղապետի) պաշտոն...
Հետագա ճակատագիրն անհայտ է։

Թեհմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դիտվել է՝ 2225

Մեկնաբանություններ