ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի դիմումը

Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի դիմումը
20.07.2012 | 13:58

Սիրելի արցախցիներ,

Շնորհավորում եմ ձեզ Արցախի քաղաքական զարթոնքի կապակցությամբ, ինչն արտահայտվել է նախագահական քարոզարշավի և քվեարկության ժամանակ: Արցախցիներով ապացուցեցինք աշխարհին և մեզ, որ արցախյան հանրությունը պատրաստ է տեր կանգնել իր ապագային: Իմ թեկնածությանը կողմ քվեարկածների թիվը հուշում է, որ մեր բարձրացրած խնդիրները հրատապ են և կարիք ունեն լուծումների: Վստահեցնում եմ ձեզ, որ մենք պայքարելու ենք այդ խնդիրների լուծման համար և այսուհետ ձեզ հետ միասին ենք որոշելու երկրի քաղաքական օրակարգը:
Հունիս 15-ին գործող նախագահին ուղղված իմ բաց նամակում ես որոշակի մտահոգություններ էի հայտնել ընտրությունները վարկաբեկող գործընթացների մասին: Ցավոք դրանք հաշվի չառնվեցին: Ես պատրաստ էի արդար ընտրությունների արդյունքում շնորհավորել հաղթած թեկնածուին, սակայն պետք է սահմանափակվեմ ընտրությունների արդյունքները որոշակի վերապահումներով ընդունելով:
Ընտրությունները ցույց տվեցին, որ մեր բնակչության առնվազն մեկ երրորդը համաձայն չէ վարվող քաղաքականության հետ և պահանջում է փոփոխություններ: Իշխանությունները պարտավոր են վերանայել իրենց քաղաքականությունը և դա կատարվելու է մեր պահանջների ներքո:
Գործող նախագահը և նրա թիմը ի վիճակի չեղան ապահովել արդար ընտրություններ: Ընտրություններն ազատ էին, բայց ոչ արդար: Ամբողջ նախընտրական քարոզարշավի ժամանակ և ընտրությունների օրը ժողովրդի վրա եղել են ճնշումներ, վարչական ռեսուրսն ամբողջովին ուղղված է եղել գործող նախագահի ձայնահավաքին: Ամենամեծ ճնշումները եղել են Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակիչների վրա: Այս պայմաններում ստացած քվեները համարում եմ լավ արդյունք, ինչը լուրջ հիմք է նոր քաղաքական կառույցի ստեղծման համար:
Այս կառույցի առաջնային նպատակներից է լինելու մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը: Ես միշտ լինելու եմ բոլոր նրանց կողքին, ում իրավունքը կփորձեն ոտնահարել:
Շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ձայնն են տվել ինձ: Այսպիսի մթնոլորտում դա որոշակի խիզախություն էր պահանջում ձեզնից: Ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց խղճի մտոք են քվեարկել մյուս թեկնածուների օգտին:
Շնորհակալություն եմ հայտնում իմ նախընտրական շտաբներին և վստահված անձանց, ովքեր կարճ ժամանակում հսկայածավալ աշխատանք կատարեցին: Մեր ռեսուրսներն անհամեմատելի էին մրցակից թեկնածուի օգտին գործածված պետական ռեսուրսների հետ և ստացած ձայները վկայում են մեր կողմնակիցների արդյունավետ աշխատանքի մասին:
Շնորհակալություն բոլոր այն լրատվամիջոցներին և դիտորդներին, ովքեր անաչառ կատարեցին իրենց պարտականություններն ընտրությունների ողջ ընթացքում:
Շնորհակալ եմ Արցախի, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի բոլոր այն անձանց և կազմակերպություններին, ովքեր տարբեր կերպ իրենց աջակցությունը հայտնեցին ինձ և իմ նախընտրական ծրագրին:


Խորին հարգանքներով`
Վիտալի Բալասանյան
20 հուլիսի 2012թ.
Ստեփանակերտ

Դիտվել է՝ 2420

Մեկնաբանություններ