«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Երկրորդ պլան է մղվել հայկական շահի դիտարկումը

Երկրորդ պլան է մղվել  հայկական շահի դիտարկումը
26.07.2013 | 00:17

Բավականին երկար ժամանակ է, ինչ Հայաստանում չարչրկվում է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի և Եվրասիական միության միջև Հայաստանի կատարելիք ընտրության հարցը: Խոսակցությունները հիմնականում կրում են ծայրահեղական բնույթ` այս երկու ինտեգրացիոն գործընթացները հակադրելով մեկը մյուսին: Ավելին, որոշ շրջանակներ ասոցացման գործընթացը փորձում են ներկայացնել որպես հակառուսական քայլ: Մյուս կողմից, կարծես երկրորդ պլան է մղվել հայկական շահի դիտարկումը` որքա՞ն են այդ երկու գործընթացները հայամետ: Ըստ էության, և՛ Ասոցացման համաձայնագիրը, և՛ Եվրասիական միությունը պետք է դիտարկել այն տեսանկյունից, թե որքանով են դրանք ստեղծում սոցիալական, տնտեսական և քաղաքական արդիական համակարգեր մեր երկրի հետագա արդյունավետ զարգացման համար, և երկրորդ` ի՞նչ արժեքային ու համակարգային հենք ունեն վերը նշված երկու ինտեգրացիոն առաջարկները:

Այսօր մեր պետական և հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում տիրող ճգնաժամը պայմանավորված է նախ և առաջ նրանով, որ մենք չունենք այն համակարգը, որի շրջանակներում գործելով առաջընթաց կգրանցենք պետության և հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտներում: Այն, որ անկախացումից հետո մենք չկարողացանք ստեղծել զարգացման մեր համակարգը և մոդելը, ակնհայտ է, հետևաբար կարևոր խնդիր է դառնում որևէ կենսունակ համակարգի ինտեգրվելու հեռանկարը: Պատմական փորձի ուսումնասիրությունը նույնպես կվկայի, որ հստակ սահմանված խաղի կանոնների պարագայում մեզանում առաջընթաց զարգացումն անխուսափելի է: Եթե շատ հեռու չգնանք, դիտարկենք խորհրդային ժամանակաշրջանի փորձը, ապա կտեսնենք, որ նույնիսկ տոտալիտար համակարգի պայմաններում, դրա հնարավորության սահմաններում և չափանիշներով (հաշվի չառնելով քաղաքական, մշակութային և ազգային հարցերի հետ կապված ազատությունների խիստ սահմանափակումները), նախկին ԽՍՀՄ երկրների թվում Հայաստանն իր զարգացման մակարդակով, հատկապես սոցիալ-տնտեսական, գիտական առումով համարվում էր առաջատար երկիր: Այդ ամենը հաշվի առնելով` կարելի է փաստել, որ այսօր կարևոր խնդիր է այն, թե Հայաստանի երկարաժամկետ զարգացման համար ինչ համակարգ և մոդել է անհրաժեշտ:
Ցանկացած ինտեգրացիոն գործընթաց ունի որոշակի սոցիալ-տնտեսական, քաղաքական հենք, այն պետք է առաջարկի վերը նշված ոլորտների գործառնության համար անհրաժեշտ կոնկրետ համակարգ, մոդել: Այս տեսանկյունից ի՞նչ է առաջարկում Եվրասիական և Մաքսային միությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրասիական միությունը ռուսական նախագիծ է, կասկած չի կարող լինել, որ այս տարածքում սոցիալական, տնտեսական, քաղաքական համակարգերի մոդելը լինելու է ռուսականը, կամ, այսպես կոչված, հետխորհրդային մոդելը, որն այսօր առկա է նախկին խորհրդային մի շարք երկրներում, այդ թվում` Հայաստանում, և ինչը ցույց է տվել իր արդյունավետության ցածր մակարդակը: Այն հարցին, թե արդյոք այս համակարգը կնպաստի՞ Հայաստանի տնտեսական, քաղաքական, համակարգի հետագա արդիականացմանը և բարեփոխմանը, կարելի է միանշանակորեն պատասխանել` ոչ, հաշվի առնելով նաև, որ Եվրասիական միությանն անդամակցելու պատրաստակամություն են հայտնել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ղազախստանը և Բելառուսը: Այստեղ նույնիսկ վիճահարույց կարող է լինել այս երկրների` Եվրասիական միությանն անդամակցելու իրական մոտիվացիան: Արևելյան գործընկերության շրջանակներում Ասոցացման համաձայնագրի գլխավոր առավելություններից մեկը հենց այն համակարգն է, որի վրա պետք է զարգանա հետագա համագործակցությունը: Ասոցացման համաձայնագրի հիմքում դրված է սոցիալ-տնտեսական, քաղաքական այն համակարգը, որը, չնայած որոշ թերություններով, ապացուցել է զարգացում ապահովելու իր կենսունակությունը: Արևմտաեվրոպական այս համակարգը անկասկած ավելի մրցունակ է, քան այն համակարգը, որը կառաջարկվի Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում: Հետևաբար, Ասոցացման համաձայնագիրը և Եվրասիական միությունը պետք է դիտարկել ոչ թե աշխարհաքաղաքական բախման, այլ գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական, քաղաքական համակարգերից հօգուտ որևէ մեկի ընտրություն կատարելու տիրույթում: Սա ընտրություն է ոչ թե ընդդեմ որևէ աշխարհաքաղաքական բևեռի, այլ հօգուտ արդյունավետ զարգացում ապահովող համակարգի և, մեծ հաշվով, այս երկու ինտեգրացիոն գործընթացները նախաձեռնողները պետք է մտածեն, թե զարգացման ինչ համակարգ և մոդել են առաջարկում, քանզի Հայաստանը այդ ընտրությունը պետք է կատարի մաքսիմում հաշվի առնելով իր երկարաժամկետ ազգային և պետական շահը:


Էդգար ԱՌԱՔԵԼՅԱՆ
Քաղաքագետ

Դիտվել է՝ 1942

Մեկնաբանություններ