Հազվադեպ է պատահում, որ գրիչը ձեռքս եմ առնում ներքին մի տագնապով, անբացատրելի մի վախով։ Ո՛չ նրա համար, որ չգիտեմ, թե ինչ գրել, այլ չգիտեմ` ինչից սկսել։ Այո՛, վերելքը հաղթահարել, հասել եմ Ամրոցին, բայց մտնել չեմ կարողանում. Ամրոցը մի քանի դուռ ունի։ Որոշեցի մտնել գլխավոր դռնից։ Պարզվեց` բոլոր դռներն էլ գլխավոր են։ Դիմեցի խաղի. աչքերս փակ մտովի յոթ անգամ պտտվեցի Ամրոցի շուրջը և կանգ առա «համենայն դեպս» ասույթների դռան առաջ։ Իսկապես փառահեղ դուռ է, բացահայտող ոչ միայն Ամրոցի, այսինքն՝ Վաչագան Սարգսյանի ներքին աշխարհն ու ապրումները։ Այն ավելի շատ ինքնաբացահայտում է, ինքնազննում և ինքնաճանաչում։ Այդ ասույթներով մարդու սիրտն ու միտքն են ափիդ մեջ, կյանքն է ափիդ մեջ։ Չկա մի ոլորտ, մի երևույթ, մի զգացմունք կամ մարդկային փոխհարաբերության մի դրսևորում, որ շոշափած, չափ ու կշռած և շա՜տ, շա՜տ դիպուկ բանաձևած չլինի Վ. Սարգսյանը։ Սե՞ր. «Սիրո ծանր շղթաները մարդուն վերև են բարձրացնում»։ Ատելությո՞ւն. «Ատելությունը մի զենք է, որի հետհարվածն ավելի ուժեղ է, քան հարվածը»։ Ընկերությո՞ւն. «Իսկական ընկերությունից վերև մի բան կա` նախանձը»։ Նախա՞նձ. «Նախանձից վառվողն իրեն նետում է բամբասանքի կեղտաջրերը»։ Ագահությո՞ւն. «Բացեցիր ագահությանդ դուռը` այլ դռնով քեզնից կփախչի առաքինությունդ»։ Մե՞ղք. «Մեղքը մագնիս է, մարդը` երկաթի մի կտոր։ Չկպչելու համար դարձիր ոսկի»։ Արդարությո՞ւն. «Արդարությունը, որ լավ երևա բոլորին, դնում են անարդարության բարձր պատվանդանին»։
Սրանք սոսկ ասույթներ չեն, սրանք կարելի է համարել մարդկային օրենսգրքի ՎԱՍ-ական դրույթներ և կետեր, որոնք, ըստ իս, պիտի կիրառելի լինեն բոլորի համար։ Այդ ասույթները հզոր լուսարձակներ են և՛ դիմացինի, և՛ քո իսկ հոգին տեսնելու համար։ Պետք չէ վախենալ դրանց ճառագայթներից. խելացի՛ եղիր, ուսումնասիրիր դրանց լույսի տակ և՛ քեզ, և՛ դիմացինիդ, և... զգուշացիր, ուղղիր, մի՛ խաբվիր։ Կարճ ասած` ապրել սովորիր:
Ցավով մեկ անգամ ևս համոզվում եմ, որ մեր մեծություններն իրենց աստվածային պարգևին համարժեք համաշխարհային հռչակ չունեն. Լառոշֆուկոյի մտքի նետը մարդկության սրտին կպավ նրա՛ համար, որ հզոր աղեղից` Ֆրանսիայից էր արձակված։ Վաչագան Սարգսյանի ասույթների նետը (խիզախելով կասեմ) համարժեք թափ, թռիչք և դիպուկ նշանառություն ունի, ցավոք, աղեղն է փոքր: Եվ սա Ամրոցի մեկ դուռն էր միայն։
Հաջորդ դուռը տանում է «Զարմանահրաշ հայերենի» ոչ պակաս զարմանահրաշ «մարտադաշտ»։ Այո, մարտադաշտ, ուր միաժամանակ և՛ պաշտպանություն կա, և՛ հարձակում։ Պաշտպանել շքեղ և խոցելի հայերենն ամեն տեսակի չգիտակցված կամ միտումնավոր ոտնձգություններից, աղավաղումներից, խեղումներից` գրքերով, հոդվածներով, ստուգաբանություններով, պաշտպանել ռադիո և հեռուստատեսային ելույթներով, համանուն հաղորդաշարերով, որոնք առերևույթ անհասկանալի, սակայն միանգամայն պարզ պատճառով փակվեցին։
Պաշտպանելուն զուգահեռ` հարձակումներ լեզվական գռեհկաբանության դեմ, օտարաբանության դեմ, լեզվական հարցերում իրենց տեղում չգտնվող անձանց դեմ, լեզվի դեմ սուր ճոճողների, վատ կամ լավ քողարկված չարության դեմ։ Դժվա՛ր կռիվ է, դաժա՛ն կռիվ է. գերլարում է պետք՝ սուրը դիպուկ գործածելու, և հարաշարժ պտույտ` բոլոր կողմերին հարված տալու համար։ Սակայն Վ. Սարգսյանի զենքերի զենքը, որը խոփի նման անընդհատ գործածելուց ավելի ու ավելի է փայլում, մատաղ սերնդի կրթությունն է։ Կրթել և՛ ավանդական ձևերով, և՛ նորարարություններով, որոնք, ինչպես ասում են, Աստված տվել, չի խնայել. նկարելուկներով, հանելուկներով, զանազան խաղերով... «Զվարթ տրամաբանություն», «Երգող այբուբեն», «Արմանք-զարմանք այբբենական ընթերցարան»։ Վերջին գիրքը գլուխգործոց կարելի է համարել. ամեն տառի համար մի պատմություն` բոլոր բառերը տվյալ տառով։ (Մրցանակային հանձնաժողովները վիճակահանությամբ կամ այլ կասկածելի ձևերով մրցանակներ շնորհելու փոխարեն, կարծում եմ, լավ կլիներ իրենց հայացքը նման արժեքների վրա սևեռեին)։ Նշեմ նաև վերջերս լույս տեսած «Նկարազարդ դարձվածաբանական բառարան»-ը։ Իսկական գանձ աշակերտության համար։ Այսպե՛ս են սիրում լեզուն, այսպե՛ս են սիրում հայրենիքը, այսպե՛ս են կրթում ապագա քաղաքացուն:
Վ. Սարգսյանի հաղթանակների հաղթանակը, սակայն, իր ստեղծած դպրոցական դասագրքերն են։ Ամեն տարի հազարավոր հայ մանուկներ մեր հրաշք այբուբենը սովորում են մեր նորօրյա «Մաշտոց պապիկի» (իմ բնորոշումն է), տքնանքի, բարության, հայրենասիրության և մեծ պատասխանատվության արգասիք «Այբբենարան»-ներով։ Որքան էլ դժվար է պայքարը, ես մաղթում եմ Վ. Սարգսյանին առողջություն, անվհատ կորով, ուժ` պայքարը շարունակելու համար` թիկունքին ունենալով հայանվեր, հայրենանվեր վաստակի հաճելի ծանրությունը։
Մտնենք Ամրոցի երրորդ դռնից ներս. բանաստեղծության, վերջերս նաև` գողտրիկ, ջերմ, հուշաթաթախ և հուզաթաթախ արձակի, պատմվածքի հարկաբաժինը։ Եթե վիճելի է, որ այդ տխրությունն ինքը չի հորինել (իր ժողովածուներից է՝ «Այս տխրությունը ես չեմ հորինել»), ապա անվիճելի է, որ «Անցողիկ հավերժություն»-ից` կյանքից անմահացրած ակնթարթները, ի դեմս մանկության, պատանեկության հուշերով, կարոտներով շաղախված պատմվածքների, ի՛ր հորինածն են, ի՛ր ստեղծածն են։ ՎԱՍ-ի բանաստեղծությունները և հատկապես պատմվածքները նրա ներաշխարհի դռան բանալին են, որի շնորհիվ մուտք ես գործում մի զարմանալի սենյակ, որն ավելի ճիշտ է համարել պատկերասրահ մի դիմանկարի, որն անթիվ, անհամար տարբերակներ ունի. հուզված, ըմբոստացած, կարոտած, երազող, մեղավոր, հպարտ, չգնահատված, ներողամիտ, արարող, ինքնահասկացված, ինքնաձաղկող, ինքն իր արժեքը իմացող... ճիշտ իր ասույթների նման. մարդը` իր թուլություններով և առաքինություններով, կյանքը` իր անակնկալներով և փորձություններով:
Այս հարկաբաժինը, բացի վերը նշվածից, մի անկյուն ևս ունի, ուր գրչի կողքին... մտրակ կա, սրտացավ մարդու, քաղաքացու, խմբագրի մտրակ` ձաղկող քաղաքական բազմադեմությունն ու տգետ քաղաքականությունը, անինքնասեր պնակալեզությունն ու ինքնահավան սնամեջությունը, ազգային բարոյալքումն ու ամեն քայլափոխի և ոլորտում փորձության ենթարկվող բարոյականությունը, հիմարության հաղթարշավն ու ազնվության նահանջը, այսինքն` ժամանակակից կյանքը։
Առասպելն ասում է` Աստված Ադամին, այսինքն՝ մարդուն, կավից շաղախեց։ Ադամից հազարամյակներ են անցել. ինչպես ամեն ինչի, կավի պաշարն էլ անսպառ չէ, հետևաբար, սպառվեց նաև մարդաստեղծ կավը։ Ամեն դար մարդաստեղծման իր շաղախն ունի, ինչպես և ամեն մարդ` իր արյան, իր ձայնի, իր մատնահետքի անհատական տեսակը։ Նաև` հոգեկերտվածքի անհատական շաղախը։ Երկար տարիներ շփվելով Վ. Սարգսյանի հետ, տարբեր իրավիճակներում եմ տեսել նրան և բացահայտել եմ նրա շաղախի բաղադրությունը. նրբին տակտին ավելացրած բարեկրթություն, խիղճ, հարեհասություն, ինքնազոհողություն, համեմած փայլուն ինքնատիրապետմամբ։ Նախանձելի շաղախ։ ՈՒժեղ մարդու կերտվածք։ Շեշտել եմ ուզում «ուժեղ» բառը, քանի որ միայն նման մարդը կարող էր քսան տարի անընդմեջ սուղ միջոցներով, չարամտորեն առաջացրած խոչընդոտները հաղթահարելով, ինքնայրումով հրատարակել «9-րդ հրաշալիքի» նման պարկեշտ, հայեցի մի շաբաթաթերթ, որի էջերը փակ մնացին շուկայի գետնատարած պահանջների, ամբոխահաճության և տեղական ու համաշխարհային «աստղերի» անհեթեթ ու ապաբարոյական կյանքի լուսաբանման առաջ։ Այս շաբաթաթերթի կնքահայրը հեռատեսորեն և սրտի թելադրանքով հայերենի ավազանն անաղարտ պահեց, քանզի գիտեր` ժամանակի աղտեղություններից խույս տվողները այնտեղ են հոգու մաքրություն գտնելու։
Այսքանով չսպառվեցին Ամրոցի դռները։ Թեպետ լեռան վրա է Ամրոցը, բայց անմատչելի չէ, մռայլ և խստաշունչ չէ։ Լեռը բարձրանալուց առաջ խոր շնչիր արդար գնահատանքի կենարար օդը, աչքերիցդ հետ տար նախանձի և չարության մազափունջը, եթե գրիչ ունես` այն գավազան դարձրու, եթե չունես` Ամրոցը շրջապատող չկամության չոր ոստերից մեկն արմատախիլ անելով գավազան դարձրու և անշտապ բարձրացիր լեռն ի վեր` վայելելով քայլ առ քայլ բացվող տեսարանները:
Երբ հասնես Ամրոցին, ի՛նքդ որոշիր՝ որ դռնով ներս մտնել։ Կամ գուցե նոր դռներ ի՞նքդ կհայտնաբերես:
Գայանե ԱԹԱՆՅԱՆ
Հ. Գ. -Մայիսի 25-ը Վաչագան Սարգսյանի ծննդյան օրն է: «Իրատես de facto»-ն ջերմորեն շնորհավորում է հայոց բառուբանի անխոնջ նվիրյալին, մաղթում ստեղծագործական անսպառ եռանդ, նոր ու արժեքավոր գրքեր: