Հայաստանի տնտեսությունը ոչ մրցակցային է և մոնոպոլիզացված: Սյս մասին այսօր հայտարարել է ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ ՀՀ-ի ՄՄ-ին միանալու մասին 2013-ի սեպտեմբերի 3-ին արված հայտարարությանը՝ տնտեսագետն ասել է, թե դա խոսում էր Հայաստանի գործող իշխանության անլրջության մասին, քանի որ որևէ բացատրություն չտրվեց, թե ինչու էր մեզ համար ձեռնտու ՄՄ-ին անդամագրումը: Միակ հստակ բացատրությունը, որ տրվել է ՄՄ-ին Հայաստանի անդամակցման հետ կապված, ըստ Խաչատրյանի, գազի գնի հարցն է: «Մեզ հստակ ասացին, որ եթե դառնում եք ՄՄ անդամ, որպես ՄՄ անդամ երկիր գազի արտահանման հարկից ազատվում եք, որը և տեղի ունեցավ»,-ասել է բանախոսը՝ նշելով, թե այլ բացատրություններ կամ հիմնավորումներ չեն տրվել, թե ՄՄ-ն ինչ է տալու Հայաստանի տնտեսությանը:
«Քանի որ ՀՀ տնտեսությունն իր բնույթով ոչ մրցակցային է, մոնոպոլացված է, ենթադրել, որ հետագայում կբերի նրան, որ ՀՀ-ում ներքին մրցակցության արդյունքում մեզ մոտ գները կիջնեն, այդպիսի բան ուղղակի կարելի է երազել, քանի որ մեզ մոտ գները բարձրանում են»,-ասել է Վահագն Խաչատրյանը: Ըստ բանախոսի՝ ասվածը նշանակում է, որ «Մաքսային միությանն անդամակցելուց հետո և՛ բիզնես շրջանակները, և՛ քաղաքացիներն ունենալու են պրոբլեմներ»: Ըստ տնտեսագետի՝ «ամենաճիշտ կարգավիճակն» այն կլիներ, որ մենք ո՛չ ԵՄ, ո՛չ էլ ՄՄ անդամ լինեինք: