Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Սերժ Սարգսյանն ընդունել է Սևծովյան տարածաշրջանի և ԱՊՀ երկրների լրատվական գործակալությունների ղեկավարներին

Սերժ Սարգսյանն ընդունել է Սևծովյան տարածաշրջանի և ԱՊՀ երկրների լրատվական գործակալությունների ղեկավարներին
26.11.2014 | 12:37

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Սևծովյան տարածաշրջանի և ԱՊՀ երկրների լրատվական գործակալությունների ղեկավարներին, որ Հայաստանում են տեղեկատվական համագործակցության զարգացման հեռանկարներն ու փոխգործակցության խորացման հարցերը քննարկելու նպատակով: Նրանք Երևանում անցկացնում են հերթական՝ Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի 7-րդ և ԱՊՀ երկրների պետական լրատվամիջոցների ղեկավարների խորհրդի 19-րդ նիստերը:
Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին և հերթական նիստերը Երևանում անցկացնելու նրանց որոշումը: Սերժ Սարգսյանը կարևորել է նման հանդիպումները տեղեկատվական ոլորտում համագործակցությունը զարգացնելու տեսանկյունից և հույս է հայտնել, որ առավել կամրապնդվեն ու կխորանան «Արմենպրես» պետական գործակալության և Սևծովյան տարածաշրջանի ու ԱՊՀ երկրների լրատվական գործակալությունների բարձր մակարդակի գործընկերային ու բարեկամական հարաբերությունները: Ընդգծելով, որ աշխարհում սրընթաց զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաները, և այդ թռիչքային զարգացումը բերում է տեղեկատվության ծավալի ու հասանելիության բարձրացման, նախագահը դա համարել է մի կողմից` մարտահրավեր, մյուս կողմից՝ մեծ հնարավորություն:
Սերժ Սարգսյանն այդ համատեքստում խոսել է մամուլի ազատության մասին՝ նշելով, որ Հայաստանում հավատում են, որ մամուլի ազատությունն ու տեղեկատվության հասանելիությունը ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության հենասյուներն են, և ղեկավարվելով այդ սկզբունքով՝ հնարավորություններ են ստեղծվում ազատ մամուլի լիարժեք դրսևորման համար:
Նախագահի խոսքով, այդ ուղղությամբ Հայաստանում որոշակի դրական տեղաշարժեր կան, ինչն արձանագրում են նաև միջազգային հեղինակավոր կառույցները:
Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև լրատվական գործակալությունների ղեկավարների բազմաբնույթ հարցերին, որոնք վերաբերել են տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանի տնտեսությանը, ինտեգրացիոն գործընթացներին, ԵԱՏՄ-ին անդամակցելու գործընթացին, ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման հեռանկարին, առանձին երկրների հետ Հայաստանի հարաբերություններին:

Դիտվել է՝ 970

Մեկնաբանություններ