Մարտի 26-ից ապրիլի 2-ը Երևանում կանցկացվի Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը: Տեղեկացնում են մշակույթի նախարարությունից, նշելով, որ մշակութային ծրագրի նպատակն է նպաստել երեխաների և պատանիների շրջանում գրքի նկատմամբ հետաքրքրության առաջացմանն ու մանկապատանեկան ընթերցանության խթանմանը, մանուկների ու պատանիների համար ստեղծված երաժշտական ստեղծագործությունների հանրայնացմանը:
Մինչև ապրիլի 2-ը շարունակվող Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթվա միջոցառումների շրջանակում գրադարանում կանցկացվեն ցերեկույթներ, գրքերի շնորհանդեսներ և քննարկումներ, երաժշտական կոլեկտիվ ունկնդրումներ, վիկտորինաներ, մրցույթներ և այլ միջոցառումներ: Իսկ փակման օրը՝ ապրիլի 2-ին, Հայաստանի գրողների միության դահլիճում տեղի կունենա մանկագիր Երվանդ Պետրոսյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հանդիսություն:
Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթին իրենց առանձին ծրագրերով կմասնակցեն նաև հանրապետության մի շարք գրադարաններ: