«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը Եվրոպական փառատոնային ասոցիացիայի հետ համատեղ ապրիլի 11-13-ին կազմակերպում է փառատոնային կառավարման եռօրյա ինտենսիվ դասընթաց «Փառատոնային ընթերցումներ» խորագրով:
«Փառատոնային ընթերցումները» դասախոսությունների շարք է, որն ուղղված է փառատոնային կառավարման առանձնահատկությունների ծանոթացմանը։ Վերջինս նպատակ ունի հայ մասնակիցներին ներկայացնելու փառատոների կարևորությունը հասարակության մշակութային կյանքում և արվեստի զարգացման գործում:
Դասընթացի շրջանակներում Հայաստան ժամանած փառատոնային կառավարման առաջատար մասնագետները կծանոթացնեն փառատոների կառավարման համակարգին, նորագույն մոտեցումներին, ինչպես նաև կկիսվեն իրենց աշխատանքային հմտություններով և միջազգային փորձով:
Մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու մի շարք մշակութային միջոցառումների, ինչպես նաև ունենալու հանդիպումներ արվեստագետների հետ։
«Փառատոնային ընթերցումները» անցկացվում են փառատոնի կամ այլ մշակութային միջոցառման շրջանակներում։ Դասընթացներին մասնակցում են ինչպես տվյալ երկրի, այնպես էլ հարևան երկրների հետաքրքրված անձինք։
«Փառատոնային ընթերցումները» համակարգում է «Փառատոնային ակադեմիա»-ի գլխավոր համակարգող, Եվրոպական փառատոնային ասոցիացիայի նախկին գործադիր քարտուղար, BRUGGE 2002՝ Եվրոպայի մշակութային մայրաքաղաք նախագծի գլխավոր մենեջեր Հուգո դե Գրիֆին: