Արաբական երկրների կոալիցիան իր նպատակին հասնելուց հետո ավարտել է Եմենում ռազմական գործողությունը՝ հայտարարել է դաշնակից ուժերի հրամանատարությունը։ Նախքան այդ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ կոալիցիայի օդային հարվածները հանգեցրել են բալիստիկ զենքի ոչնչացմանը, որը գտնվում էր հուսիթների, երկրի նախկին նախագահ Ալի Աբդալա Սալիհի ձեռքում։ Ըստ Arabiya TV հեռուստաալիքի՝ կոալիցիան «հասել է Եմենում իր նպատակներին», և այժմ սկսվում է նոր գործողություն, որը կոչվում է «Հույսի վերադարձ»։ Եմենի նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադին հեռուստաուղերձում հայտնել է, որ իր կողմնակիցների հետ վերադառնում է երկիր։ Նա նշել է, որ մտադիր է վերականգնել Եմենը։