Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստի ողբերգությունը չկանխելու աշխարհի անկարողությունը մեկ շղթայի օղակներ են՝ հայտարարել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը լրագրողների հետ փակ հանդիպմանը, որի մասին տեղեկությունը հրապարակվել է ապրիլի 22-ին։ «Նացիստները Հայոց ցեղասպանությունն օգտագործում էին որպես Հոլոքոստի իրականացման թույլտվություն»,- Ռիվլինի խոսքերը մեջբերում է The Tower-ը։ Նա հավանություն է տվել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությանը, թե «հայերի սպանությունները 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էին»։ «Ես կշնորհավորեմ պապին այդ բառերի համար։ Դրանք կարևոր են քրիստոնյաների, հրեաների և մահմեդականների՝ մարդկանց համար»։ Իսրայելի նախագահի հայտարարությունները, թեև հավասարազոր չեն ազգային ճանաչմանը կամ պետական քաղաքականությանը, արտացոլում են բազում իսրայելցիների տրամադրությունները։ Վաղ սիոնիստական աշխատանքներում Ցեղասպանության մասին մեկ հիշատակում չէ, որ կա, թե ինչ է սպառնում հրեաներին, եթե չլքեն Եվրոպան։ Ռիվլինը Ցեղասպանության ճանաչման մոլի կողմնակից էր, շատերին զարմացրեց անցած դեկտեմբերին՝ հրաժարվելով ստորագրել ամենամյա ուղերձը, որով կոչ էր արվում Իսրայելին պաշտոնապես ճանաչել ցեղասպանությունը: Այդուհանդերձ, մեկ ամիս անց ՄԱԿ-ում իր ելույթում նա բացեիբաց ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը: