Մոտ 4 հազար մարդ է մասնակցել Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը։ Հուշարձանը կառուցված է բետոնից և տուֆից, ունի 9 կորացած սյուներ, որոնք նման են Երևանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի սյուներին։ Սյուները խորհրդանշում են պատմական Հայաստանի վեց նահանգները, Կիլիկիան, հայկական սփյուռքն ու Հայաստանը։ «Այս գեղեցիկ հուշարձանն արտացոլում է մեր պարտավորությունը՝ հարգելու մարդու իրավունքներն ու արդարությունը, այստեղ՝ Միացյալ Նահանգներում և ողջ աշխարհում»,- հայտարարել է Ֆրեզնոյում Կալիֆոռնիայի համալսարանի նախագահ Ջոզեֆ Կաստրոն։
Միջոցառմանը մասնակցել են Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, պաշտոնյաներ և կրոնական առաջնորդներ, հաղորդում է Fresno Bee պարբերականը։ «Մենք բարձր ենք գնահատում հայ ժողովրդի ներդրումը Ֆրեզնո քաղաքում, միասնական ենք հայ ժողովրդին համերաշխության և աջակցության գործում»,- ասել է Ֆրեզնոյի քաղաքապետ Էշլի Սուերենգինը։