Թուրքիայի հարավ-արևելյան Մարդին նահանգի Դերիքի շրջանում հայկական Սուրբ Գևորգ եկեղեցում ապրիլի 24-ին հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Քրդական Diclehaber կայքի փոխանցմամբ՝ Դերիքի Սուրբ Գևորգ եկեղեցում տեղի 2 հայ ընտանիքների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություն, որի ժամանակ հավաքվածներն աղոթել են ու մոմ վառել։ Դերիքի հայերից Զեքերիա Սաբունջուն պատմել է, որ 13 տարեկանում ցեղասպանությունից մի կերպ փրկված տատը պատմել է, թե ինչ դաժանությամբ է ուղեկցվել հայերի կոտորածները։ Նա պատմել է, որ Դերիքի հայերին տարել են Թուրջել լեռ և նետել ներքև։