Լեռնային Ղարաբաղի «Հայ բարեկամների միավորման» մի խումբ երիտասարդներ ոտքով ԼՂՀ-ից հասել են Երևան՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին: «Մենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ենք: Ղարաբաղից Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ենք եկել ոտքով: Մենք որոշեցինք քայլել և զգալ այն ֆիզիկական ցավը, որն զգացել են 1,5 մլն հայերը, որոնք տեղահանվեցին իրենց բնօրրաններից: Չեմ կարող նկարագրել, թե հոգևոր ինչ զգացողություններ ենք ունեցել»,- ասել է «Հայ բարեկամների միավորում» ՀԿ նախագահ Սերգեյ Եփրեմյանը: Երթն սկսել են Մարտակերտի շրջանի Չափար գյուղից, անցել 450 կմ ճանապարհ՝ Չափար-Ստեփանակերտ- Լաչին-Գորիս-Էջմիածին-Երևան ուղղությամբ: «Մեր ճանապարհը տևել է տասը օր: Առաջին կանգառը եղել է Էջմիածինը: Հասել ենք ապրիլի 23-ին, մասնակցել Սրբադասման արարողությանը և ճանապարհը շարունակել մինչև Ծիծեռնակաբերդ: Դժվարություններ շատ կային, մենք մեր մարմնի վրա զգացինք, թե ինչ դժվարություններ են տեսել մեր նախահայրերը տեղահանման ժամանակ: Բայց բոլորս ողջ և առողջ տեղ ենք հասել: Հոգնածություն ունեցել ենք, բայց մեզ չի խանգարել հասնել մեր նպատակին»,-ասել է նա: