Ապրիլի 24-ին, «հայերի պատմական ողբերգության 100-ամյակի հիշատակման կապակացությամբ» Ռումինիայի նախագահն առաջին անգամ ուղերձ է հղել հայերին: «Հայ ժողովրդի ողբերգության ճանաչումը կարևոր և անհրաժեշտ ազդակ է ատելությունը, անհանդուրժողականությունը, ռասիզմը և այլատյացությունը արմատախիլ անելու համար»,- ասում է նախագահ Կլաուս Յոհաննիսը: «1915 թ. ողբերգական իրադարձություններից մեկ դար անց իմ խոնարհ հարգանքն եմ բերում հայ ժողովրդի զոհերին, ովքեր անցյալ դարի սկզբից տասնամյակներով դիմադրել են պատմական աղետներին և դժվար փորձություններին: Հարյուր հազարավոր անմեղ հոգիներ զոհվեցին այդ սարսափելի հանցագործության ժամանակ, որը ստվերում է մարդկությունը և որը մեզ ստիպում է այսօր ճանաչման և հաշտեցման»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ նրա, հայ ժողովրդի վերապրած ողբերգության հիշատակումը և իրազեկումը պարտադիր քայլ է աշխարհի համար, որպեսզի դասեր քաղվի անցյալից: «100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության պատմական ծավալի ճանաչումը կարևոր և անհրաժեշտ ազդակ է՝ ատելությունը, անհանդուրժողականությունը, ռասիզմը և այլատյացությունը արմատախիլ անելու համար: Զոհերի հանդեպ հարգանքը ստիպում է մեզ մեր մտքերն ուղղել բոլոր անհետացածներին և լուռ աղոթել նրանց համար: Թող որ զոհերի հիշատակը հավերժ մնա մեր սրտերում»,- նշում է նախագահ Յոհաննիսն իր ուղերձում: Նույն օրը, Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել նաև Ռումինիայի պատգամավորների պալատի մարդու իրավունքների հանձնաժողովը: «Ապրիլի 24-ին լրանում է 1915 թ. Թուրքիայի արևելքում հայերի դեմ կոտորածի 100-ամյակը, որը պատճառեց 1 մլն 200 հազար մարդկային զոհեր: Մարդկության դեմ այդ հանցագործությունը չպիտի մոռացվի, ինչպես ասում է Ֆրանցիսկոս պապը, որովհետև այն «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է», և նախորդել է նացիստների և Ստալինի կողմից իրագործված այլ ցեղասպանություններին», ասվում է հայտարարության մեջ:
«Պատճառը, որ ամեն տարի պետք է ոգեկոչենք այս արգահատելի արարքը, հենց այն է, որ «Չարի թաքցնումը կամ ժխտումը վերք է, որ շարունակում էարնահոսել, եթե չես վիրակապում», ինպես հայտարարում է Հռոմի պապը ապրիլի12-ին:
Թեև Թուրքիան մինչև այժմ չի ճանաչել ցեղասպանությունը, թուրքական կառավարության անդամները Թալեաթ փաշայի գլխավորությամբ այդ ժամանակ գաղտնիորեն գործի են գցել հայերի ոչնչացման ծրագիրը:
Ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը եվրոպական բոլոր մեծ կուսակցությունների աջակցությամբ ընդունեց ոգեկոչման վերաբերյալ որոշում, որը կոչ է անում Թուրքիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու միջոցով Հայաստանի հետ հաշտության ուղի բացել: Առաջին անգամ Եվրոպական խորհրդարանի որոշման միջոցով 1915-1917 թթ. Օսմանյան կայսրության հայերի դեմ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները բնորոշվում են որպես ցեղասպանություն, ասվում է հայտարարության մեջ:
Կարծում ենք, որ ինչպես Ռումինիայում հիշատակվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հրեաների և գնչուների հոլոքոստը, եկել է ժամանակը Ռումինիայում նշելու նաև հայերի դեմ ցեղասպանությունը, ներառյալ օրենսդրական նախաձեռնության ձևով Ապրիլի 24-ը Մարդկության դեմ ցեղասպանության հիշողության օր հայտարարելու միջոցով», առաջարկում է Ռումինիայի պատգամավորների պալատի մարդու իրավունքների հանձնաժողովը: