«Թայմ»-ը տպագրել է Քիմ Քարդաշյանի էսսեն՝ նա պատմել է իր հայկական ժառանգության մասին և ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ իր մտորումները։ Քարդաշյանն անցած շաբաթ ընդգրկվել է «Թայմ»-ի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում։ Սոցիալական ցանցերում միլիարդավոր հետևորդներ ունեցող հեռուստաաստղը ափսոսանք է հայտնում, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ապրիլքսանչորսյան ուղերձում այս անգամ էլ չասաց «ցեղասպանություն»։ «Ես շատ կուզենայի, որ նախագահ Օբաման ասեր «ցեղասպանություն» բառը։ Շատ հիասթափեցնող է, որ նա չկիրառեց ցեղասպանություն բառն իր նախագահության ընթացքում։ Մենք կարծում էինք՝ այս տարի կասի։ Զգում եմ, որ մենք մոտ ենք, մենք հաստատ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում»,- գրում է Քարդաշյանը՝ կոչ անելով Թուրքիային ընդունել իր անցյալը։ «Ժամանակն է, որ Թուրքիան ճանաչի իր անցյալը։ Ցեղասպանությունն այժմ այնտեղ ապրող մարդկանց մեղքը չէ, 100 տարի առաջ է կատարվել։ Կարծում եմ, որ եթե նրանք ճանաչեն ու ընդունեն, բոլորը կկարողանան առաջ շարժվել, բայց մենք չենք կարող առաջ շարժվել, մինչև Թուրքիան չընդունի իր անցյալը։ Ցեղասպանությունը հիշելու ողջ իմաստն այն է, որ այլևս երբեք չկրկնվի։ 1,5 միլիոն մարդ դաժանաբար սպանվել է, և մի երկիր կարող է պարզապես ձևացնել, թե դա երբեք տեղի չի ունեցե՞լ։ Չեմ կարծում, որ դա ճիշտ է»։
Քիմ Քարդաշյանը պատմում է նաև այս ամիս Հայաստան իր այցելության մասին. «Իմ ընտանիքը շատ երկար ժամանակ ուզում էր գնալ Հայաստան։ Հայրս, պապս ու տատս, նրանց ծնողները շատ կուզենային գնալ։ Բայց նրանցից ոչ մեկը չկարողացավ։ Քույրս՝ Քլոեն, դուստրս՝ Նորթը, ամուսինս՝ Քանյե ՈՒեսթը և ես վերջապես այս ամիս Հայաստան գնացինք։ Դրանից հետո այնքան շատ մարդ մոտեցավ ինձ և ասաց. «Գաղափար չունեի, որ ցեղասպանություն է եղել»։ Այս բիզնեսում շատ հայեր չկան, մենք ունենք այս խնդրի վրա ուշադրություն հրավիրելու հնարավորություն, ուրեմն ինչո՞ւ ձեռքներս ծալած նստենք։ Հիմա ճիշտ ժամանակն է խոսելու։ Ես շարունակելու եմ հարցեր տալ և պայքարել ցեղասպանության ճանաչման համար»։
Քիմ Քարդաշյանը գրում է, որ դստերն է փոխանցելու իր նախնիների պատմությունը. «Նրանք, ովքեր հիշում են 100-րդ տարելիցը, մանուշակագույն կրծքանշան են կրում։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը տվեց ինձ իր նշանը, երբ հանդիպեցինք։ Մանուշակագույնը դստերս սիրած գույնն է, այդ պատճառով նա ուզում է նշանն ամեն օր։ Երբ նա մեծանա, ես կբացատրեմ այդ կրծքանշանի իրական իմաստը։ Ես կիսով հայ եմ, բայց մեծացել եմ ուժեղ հայկական ինքնության մթնոլորտում, որ ուզում եմ, որ իմ աղջիկն էլ այդպես մեծանա։ Իմ նախնիները շատ քաջ են գտնվել՝ ողջ ընտանիքով տեղափոխվելով։ Ես կպատվեմ նրանց՝ այդ հիշողությունները իմ դստերը փոխանցելով»։
«Մեր մանկության տարիներին հայրս անընդհատ իր ժառանգության մասին էր խոսում։ Դա մեր կյանքի մեծ մասն էր։ Մենք գիտեինք, որ երբ բազմաթիվ հայեր տեղափոխվել են, իրենց ազգանվան «յան» վերջավորությունից հրաժարվել են՝ վախենալով, որ կարող են սպանվել։ «Ինչ էլ որ անեք, աղջիկներ, երբեք չփոխեք ձեր ազգանունը, որ Քարդաշյան է»,- ասում էր հայրս։ Նա միշտ խոսում էր դրա մասին և ուզում էր, որ երբեք չմոռանանք, թե որտեղից ենք եկել»,- գրում է Քիմ Քարդաշյանը։