Թուրքիայի իշխանությունները դատապարտել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին 1915 թվականի հայերի կոտորածները ցեղասպանություն անվանելու համար՝ տեղեկացնում է Հյուրիյեթը: «Հաշվի առնելով մեկ դար շարունակ Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Արևելյան Եվրոպայում Ռուսաստանի իրականացրած գազանություններն ու աքսորը, կոլեկտիվ պատժի մեթոդները, ինչպիսին է Գոլոդոմորը, թուրք ու մուսուլման ժողովուրդների դեմ անմարդկային վերաբերմունքը, մենք համարում ենք, որ Ռուսաստանը ավելի լավ պետք է իմանա, թե ինչ է ցեղասպանությունը»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն էլ ասել է, որ Ռուսաստանի դեմ համապատասխան քայլեր են ձեռնարկվելու:
Կրեմլում համոզված են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին պատճառ չէ Թուրքիայի բացասական արձագանքի համար՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք կարծում, որ նախագահի մասնակցությունը հիշատակի միջոցառումներին կարող է բացասաբար մեկնաբանվել Անկարայի կողմից»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության, որ քննադատել է ՌԴ նախագահին 1915-ը ցեղասպանություն անվանելու համար։ Պեսկովը նշել է, որ Հայաստանը շատ կարևոր գործընկեր է Ռուսաստանի համար, ԵԱՏՄ-ի մասնակից, Ռուսաստանի տարածքում ապրում են մեծ թվով հայեր և, առհասարակ, Մոսկվան և Երևանը կապված են խոր պատմական արմատներով։ «Բնական է, որ նախագահը եղել է երևանյան հիշատակի միջոցառումներին այլ պետությունների առաջնորդների հետ։ Շատ կարևոր է ուշադիր ծանոթանալ Պուտինի ելույթին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ բացահայտ ակնարկելով, որ Ծիծեռնակաբերդում ՌԴ նախագահի ելույթում «ցեղասպանություն» բառը չի հնչել։ Նա նաև նշել է, որ Թուրքիան ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է։ «Մենք կարծում ենք, որ մեր հարաբերությունների զարգացման հեռանկարները բավականին լայն են։ Մենք շատ ենք գնահատում մեր հարաբերությունները Թուրքիայի հետ»,- ասել է Պեսկովը։