Սիրիլ Լուին գրել է. «Եվրոպական պետությունը, չցանկանալով նեղացնել Թուրքիային ու Ադրբեջանին, միշտ հրաժարվել է 1915-ի կոտորածները որակել ցեղասպանություն, սակայն իսրայելական հասարակության մի հատվածը պահանջում է վերանայել դիրքորոշումը: Պետությունը, որը միշտ հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բոլոր դեպքերում բացակա չէր Երևանում տարելիցին նվիրված միջոցառումներին: Հասարակության մի մասի ճնշման ներքո կառավարությունը որոշել էր խորհրդարանական պատվիրակության մակարդակով ներկա լինել Երևանում: «Դա արտահայտում է ցավ և համերաշխություն, որը մենք զգում ենք հայ ժողովրդի նկատմամբ»,-ասել է Իսրայելի ԱԳՆ մամուլի քարտուղար Էմանուել Նահշոնը՝ ընդգծելով, որ այս փուլում խոսքն Իսրայելի դիրքորոշման փոփոխության մասին չէ: «Մենք առաջվա պես ողբերգություն ենք անվանում, ոչ թե ցեղասպանություն»,- հիշեցրել է նա: Երևան թռիչքից առաջ պատգամավորներ Նահման Շային (Սիոնիստական միություն) և Անատ Բերկոյին («Լիկուդ») իսրայելցի դիվանագետները խնդրել են իրենց առաքելության ժամանակ ուշադիր ընտրել բառերը և չարտահայտել տեսակետներ, որոնք կարող են վիրավորել Թուրքիային ու Ադրբեջանին: Այդուհանդերձ, նրանց մասնակցությունը Երևանում տեղի ունեցած միջոցառումներին ենթադրում է, որ Իսրայելի դիրքորոշումը քարին փորագրված չէ:
«Իսրայելը պետք է ինքն իրեն հարց տա՝ չի՞ եկել ժամանակը խոստովանելու, որ Հայաստանում ցեղասպանություն է տեղի ունեցել»,-ասել է Նահման Շայը, որ իր անունից խոսում է «հայկական հոլոքոստի» մասին: «Որպես հրեա, մենք պատասխանատվություն ենք կրում այդ քայլի համար: Մեր մասնակցությունը միջոցառումներին արտահայտում է Կնեսետի հստակ պարտավորությունը՝ վերանայել հարցը»,- ասել է Շայը: Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց շատ ձայներ կոչ են անում Իսրայելի իշխանություններին չզոհել սկզբունքները աշխարհաքաղաքական նկատառումներով: «Որպես Հոլոքոստը վերապրած ժողովրդի սերունդ, որը մինչ օրս պայքարում է ժխտման դեմ, մենք պարտավոր ենք ավելի զգայում լինել այլ ժողովուրդների ողբերգությունների նկատմամբ»,-ասված է հանձնագրում, որը ստորագրել են գիտնականներ, արտիստներ, իսրայելցի նախկին զինվորականներ ու քաղաքական գործիչներ:
2014-ի գարնանն ընտրված նախագահ Ռեուվեն Ռիվլինն անձամբ կողմնակից է Հայոց ցեղասպանության ճանաչման: Հանուն պետական շահերի նա վերջերս քողարկել է այդ տեսակետը: «100-րդ տարելիցի ժամանակ այդ քննարկումները վերսկսելը նպատակահարմար չէր, սակայն անսպասելի չի լինի, եթե հարցը նորից սեղանին հայտնվի կազմակերպված միջոցառումներից հետո»,- պարզաբանել է իսրայելցի պաշտոնյան: