Newsweek-ը մանրամասն հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դիրքորոշման մասին: Քլինթոնը, որ նախկինում նախագահի մյուս թեկնածուների հետ մրցակցում էր ճանաչման պահանջների պաշտպանության հարցում, ԱՄՆ-ի պետքարտուղար դառնալուց հետո փոխեց դիրքորոշումը՝ հայտարարելով ցեղասպանություն բառի օգտագործման վտանգների մասին: «Երբ Հիլարի Քլինթոնը 2008-ին առաջադրվում էր նախագահի թեկնածու, 100 տարի առաջ հայերի սպանությունների մասին նրա դիրքորոշումը պարզ էր: Այնքան պարզ, որ նա հանդես եկավ հայտարարությամբ՝ ինքն իրեն գովաբանելու առիթը բաց չթողնելով. «Նախագահի թեկնածուներից միայն ես եմ, որ երկար ժամանակ պաշտպանել եմ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը»:
«Կարծում եմ, որ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված սարսափելի իրադարձությունները ցեղասպանության վառ օրինակ են»,- 2008-ին գրել է նա: Սակայն, դառնալով պետքարտուղար, Քլինթոնը փոխեց արտահայտությունները՝ դադարելով օգտագործել ցեղասպանություն բառը: Նրան հարկավոր էր սիրաշահել ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիային մի քանի հարցերում՝ Իրաքում պատերազմից մինչև թմրանյութերի դեմ պայքար և Պուտինի դեմ հակազդեցություն: Իսկ թուրքերին ոչինչ այնքան չի նյարդայնացնում, որքան «ցեղասպանություն» բառը 1915-17 թթ. իրադարձությունների առնչությամբ: Այդ պատճառով Օբամայի վարչակազմում բոլորը, անգամ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանթա Փաուերը, որ Պուլիցերյան մրցանակ է ստացել ցեղասպանության մասին «Խնդիր դժոխքից» գրքի համար, նյարդայնանում են «Ց» տառով բառի օգտագործումից:
Պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այդ բառից խուսափել է մի քանի շատ կարևոր պահերի: 2010-ի հուլիսին՝ ՈՒկրաինա, Լեհաստան և Հարավային Կովկաս ընթացքում, նա Երևանում այցելեց Ցեղասպանության հուշահամալիր: Հայերի համար դա խորհրդանշական էր, ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ոչ պաշտոնական ճանաչում, սակայն կարճ ժամանակ անց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը հայտարարություն տարածեց՝ այդ այցը կոչելով «մասնավոր, 1915-ին կյանքից զրկված 1,5 մլն հայերի հիշատակին հարգանքի տուրք»:
2012-ի հունվարի 26-ին պետքարտուղարության աշխատակիցների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ նրանցից մեկը Քլինթոնին հարց տվեց Հայոց ցեղասպանության մասին: Ի պատասխան՝ Քլինթոնը հավատարիմ մնաց Օբամայի քաղաքականությանը: «Նա նույնիսկ չճանաչումից այն կողմ է անցել»,- Newsweek-ին հայտարարեց Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրենը: Քլինթոնն այդ իրադարձությունները պատմական վեճ է անվանել՝ հայտարարելով, որ ցեղասպանություն բառը շատ վտանգավոր դուռ է բացում: Հիմա Քլինթոնը նորից պատրաստ է օգտագործել այդ բառը: «Նախկինում Հիլարի Քլինթոնը բազմիցս անձնական տեսակետ է հայտնել, որ դա ցեղասպանություն էր: Նա նաև բավական ջանքեր է գործադրել Թուրքիայի և Հայաստանի հաշտեցման համար, իսկ որպես պետքարտուղար՝ անձամբ է աշխատել այդ նպատակին հասնելու համար»,- Newsweek-ին ասել է Քլինթոնի օգնականը:
ԱՄՆ-ի նախագահների մի մասն օգտագործել է «ցեղասպանություն» բառը, մյուսները՝ խուսափել: 1978 թվականին նախկին նախագահ Ջեյմս Քարթերը հայերի կոտորածը գրեթե ցեղասպանություն կոչեց՝ «ամբողջ հայ ժողովրդին ծրագրված կերպով ոչնչացնելու ջանքեր, որը, հնարավոր է, մարդկանց որևէ խմբի ամենամեծ ողբերգություններից էր»: 1981-ին Ռոնալդ Ռեյգանն ավելի բաց գտնվեց. «Ինչպես նախկինում Հայոց ցեղասպանությունը և հետագայում՝ Կամբոջայինը, և այլ ժողովուրդների հետապնդումները, Հոլոքոստի դասերը չպետք է մոռանալ»: