Գերմանիայի արտգործնախարարը շրջանցում է Հայոց ցեղասպանությունն իր անունով կոչելու անհրաժեշտությունը և խուսափում է ցեղասպանություն եզրն օգտագործելուց։ Դա բավականին վատ է, զուգահեռ հոլոքոստից խոսելը բավական հանդուգն է հնչում՝ գրում է Sueddeutsche Zeitung-ի լրագրող Ռոբերտ Ռոսմանը՝ իր հոդվածում անդրադառնալով Հայոց ցեղասպանությունը չճանաչելու Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի դիրքորոշմանը։
«Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, ըստ էության, պարզ արտահայտությունների սիրահար չէ։ Սոցիալ -դեմոկրատների ներկայացուցիչը սիրում է մանևրել։ Դա հատկապես վատ է, երբ նա արտահայտվում է որպես արտգործնախարար, ինչը առաջին հերթին երևաց Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումների ժամանակ։ Արդեն վատ է, որ Շտայնմայերը ցանկանում էր խոչընդոտել Բունդեսթագում Ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունները։ Նրա խոսքով՝ ցեղասպանությունը ցեղասպանություն կոչելը կվնասի հայ-թուրքական հաշտեցման գործընթացին։ Ի հակադրություն մյուսների՝ «նրա համար կարևոր է, որ Երևանի և Անկարայի մերձեցման գործընթացը անհնարին չդառնա»։ Ճոռոմ խոսքերով և սեփական դերը գերագնահատելով հայտարարություն էր արել Շտայմայերը»,- շարունակում է հոդվածագիրը։ «Բարեբախտաբար արտգործնախարարի այս դիրքորոշումը հաջողությամբ չպսակվեց,- գրում է հեղինակը,- սակայն սեփական պարտությունն ընդունելու փոխարեն Շտայնմայերը հարցին, թե ինչու նա չի օգտագործում ցեղասպանություն եզրը, պատասխանում է մի այնպիսի նախադասությամբ, որն այնքան անհարիր է արտգործնախարարի համար, որ ստիպված ես լինում պարզապես բառացիորեն ամբողջովին մեջբերել. «Մենք Գերմանիայում պետք է ուշադիր լինենք, որ մեր արարքներով ի վերջո իրավունք չտանք իրենց քաղաքական օրակարգի հանձնարարությունները կատարողներին հայտարարել, թե հոլոքոստը իրականում 1933-ին է սկսվել: Եվ նվազեցնենք հոլոքոստի նշանակությունը»։ Նրա խոսքը թարգմանաբար նշանակում է ոչ այլ ինչ, եթե ոչ, որ Հռոմի պապը, Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը և Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը հոլոքոստի դերը նվազեցնելու նպատակ հետապնդող խաղեր են խաղում։ Շտայնմայերը պարզապես անտեսում է Գաուկի և Բունդեսթագի հայտարարությունները։ Սա նրա համար շատ հանդուգն քայլ է։ Նախագահն ու խորհրդարանը ոչ միայն բացեիբաց խոսում են ցեղասպանության մասին, այլև նշում են հոլոքոստի բացառիկությունը։ Պատմությանը նետած հայացքը բավական է ապացուցելու, թե որքան աբսուրդ են Շտայնմայերի փաստարկները։ Ադոլֆ Հիտլերը 1939 թ. Լեհաստան մտնելուց օրեր առաջ, հրաման տալով ոչնչացնել հրեա կանանց, տղամարդկանց և երեխաներին, հայտարարել էր. «Ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջումների մասին»։ Այսինքն՝ երբ մենք խոսում ենք հոլոքոստի մասին, պետք է խոսենք նաև Հայոց ցեղասպանության մասին։ Հիանալի կլիներ, երբ մի օր դա հասկանար նաև Շտայնմայերը»,- եզրափակել է թերթը։