ԱՄՆ-ում կյանքից հեռացավ Հայաստանում Միացյալ Նահանգների առաջին դեսպան Հարի Գիլմորը: Հայաստանի բարեկամ և հայտնի դիվանագետ Հարի Գիլմորը մինչև կյանքի վերջին օրերը նպաստում էր Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը: Գիլմորը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան էր նշանակվել 1993-ին՝ երկրի համար ամենածանր տարիներին, ասում է Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունին: «Նա Հայաստան ժամանեց չափազանց բարդ ժամանակ. Հայաստանը նոր էր անկախացել և լուրջ մարտահրավերների առջև էր՝ շարունակվում էր Ադրբեջանի ու Թուրքիայի շրջափակումը, վառելիքի պակաս կար, սնունդ չկար, և դեսպան Գիլմորն ամեն կերպ փորձում էր երաշխավորել, որ հայ ժողովուրդը օգնություն ստանար, ինչի համար մենք նրանից միշտ շնորհակալ կլինենք»,- նշում է Արդունին: Երեք տասնյակից ավելի տարիներ դիվանագիտական ծառայության մեջ գտնվող Հարի Գիլմորը բազմաթիվ ճգնաժամեր էր կարողացել կարգավորել: 1980-ականների վերջին հենց նա էր Բեռլինի ամերիկյան պարետային ծառայության տեղակալը, երբ փլուզվեց Բեռլինի պատը, նա էր ապահովում անվտանգությունը, երբ Արևելյան Բեռլինի հազարավոր բնակիչներ քաղաքի արևմտյան կողմն անցան: «Ամերիկան հզոր և հարգված պետություն է նաև այն պատճառով, որ մենք լավ դիվանագետներ ենք ուղարկում, ինչպիսին էր Հարի Գիլմորը»: Գիլմորի՝ որպես Երևանում ԱՄՆ-ի դեսպան պաշտոնավարման երկու տարիներին Հայաստանը սկսեց ոտքի կանգնել, որոշ չափով կարգավորվեցին սննդամթերքի, վառելիքի և էլեկտրականության խնդիրները, կնքվեց զինադադարը, և երկիրը շունչ քաշեց:
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանն ընդգծում է Գիլմորի կարևոր դերը երկկողմ հայ - ամերիկյան հարաբերությունների հաստատման գործում: «Մենք մինչ այսօր դեռ օգտվում ենք իր սկսած գործերի բարիքներից»,- ասում է նա: Գիլմորն այն եզակի դիվանագետներից էր, ով անընդհատ Վաշինգտոնում գտնվող իր ղեկավարների հետ էր կապվում և պահանջում իրեն երաշխավորել, որ Հայաստանը ժամանակին կստանա նախատեսված հումանիտար օգնության հերթական մասը: «Նա շատ համեստ էր, շատ խելացի ու հոգատար մարդ, ու նա իրոք սրտանց օգնում էր հայ ժողովրդին»: Մինչ կյանքի վերջին տարիները, արդեն դիվանագիտական պաշտոնից հեռացած, Հարի Գիլմորը փորձում էր նպաստել Հայաստանի շուրջ խաղաղության հաստատմանը: