Ապրիլի 24-ից հետո էլ Թուրքիայի քաղաքական գործիչները շարունակում են հակադարձել այն պետությունների ղեկավարներին, ովքեր հակված են 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն ճանաչել: Առավել հեռուն գնաց թուրք ազգայնականների առաջնորդ Դևլեթ Բահչելին: Երկուշաբթի Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասում գտնվող Օբերհաուզեն քաղաքում հանրահավաքի ժամանակ նա հայտարարեց. «Գերմանացիները Թուրքիային ցեղասպանության մեղադրանք ներկայացնելու իրավունք չունեն»: «Շատ ավելի լավ կլիներ, եթե Գերմանիան առերեսվեր սեփական պատմությանը: Թուրքիան երբեք որևէ մեկի հանդեպ ցեղասպանություն չի իրագործել, մենք որևէ մեկին թունավոր գազ կիրառելով չենք սպանել, մենք աշխարհին Հիտլեր չենք տվել»,- հայտարարում էր Բահչելին` Օբերհաուզենի König-Pilsener-Arena մարզահամալիրում հավաքված ավելի քան 10 հազար գերմանաբնակ թուրքերին դիմելով: «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդի մասնակցությամբ հավաքը կազմակերպել էր Եվրոպայի թուրքերի համադաշնությունը` հունիսին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում: Անդրադառնալով Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի ապրիլքսանչորսյան ուղերձին, որտեղ 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն էր անվանվել, Դևլեթ Բահչելին նշում էր. «Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիան և Օսմանյան կայսրությունը դաշնակիցներ էին: Եվ այդքանից հետո Գերմանիայի դաշնային նախագահը ինչպե՞ս կարող է հայտարարել, թե 1915 թվականի միջադեպերը ցեղասպանություն էին»: Գերմանիայի թուրքական կազմակերպությունների ներկայացուցիչները, սակայն, Թուրքիայի քաղաքական գործիչներին խորհուրդ են տալիս գոնե հայերին առնչվող խնդիրներում առաջնորդվել ոչ թե զգացմունքներով, այլ փաստերով: Գերմանական DPA գործակալությանը տված հարցազրույցում Բեռլինի թուրքական համայնքի ղեկավար Գոքայ Սոֆուօղլուն նշել է. «Թուրք քաղաքական գործիչները պետք է փաստերն օգտագործելով անցնեն հարձակման: Կարևոր է անկախ պատմաբանների ներգրավումն այս հարցի քննարկմանը: Ինչ վերաբերում է Գերմանիայի նախագահի հայտարարությանը, չեմ կարծում, որ որևէ կերպ ազդի Անկարայի և Բեռլինի հարաբերությունների վրա: Մեր երկու երկրների հարաբերությունները շատ ամուր հիմքի վրա են կառուցված»: