Անցած շաբաթ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առաջ մեծ պաստառ էր տեղադրվել, որի վրա գրված էր. «Հայոց ցեղասպանությունն իմպերիալիստական սուտ է»: Դա կարող էր զվարճալի լինել, եթե թեման այդքան սարսափելի չլիներ՝ The Washington Times թերթում գրում է Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի նախագահ և The Washington Times-ի սյունակագիր Քլիֆորդ Մեյը:
1915-ին Օսմանյան կայսրության իրականացրած հայերի կոտորածն էր իմպերիալիստական հանցագործություն, գրում է հեղինակը՝ նշելով, որ շատ մասնագետներ համարում են 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: «Միտքը, որ մեկ այլ կայսրություն (ո՞ր մեկը) զրպարտում է Թուրքիային, անհեթեթ է: Այս լոզունգը հորինած մարդիկ պետք է մտածեն, որ նրանք դիմում են անտեղյակ լսարանի»,- գրում է նա: Հեղինակը հիշատակում է 2006-ին Յելի համալսարանի հրատարակչատան հրատարակած Էֆրաիմ Քարշի «Իսլամական իմպերիալիզմ. պատմություն» աշխատությունը, որից, նրա կարծիքով, շատ պատասխաններ կարելի է ստանալ Հայոց ցեղասպանության մասին: Հեղինակը պատմում է, թե ինչպես Օսմանյան կայսրության թուլացման ժամանակ կայսրությունում բնակվող ազգային փոքրամասնությունները, մասնավորապես՝ հայերը, ձգտում էին անկախ պետություն ունենալ, սակայն նրանց ձգտումներին հաջորդեց հայերի աքսորի և ոչնչացման քաղաքականությունը:
1920-ականներին պարտված Օսմանյան կայսրությունը և Իսլամական խալիֆայությունն անկում են ապրում և ստեղծվում է Թուրքիայի Հանրապետությունը: Թուրքիայի Հանրապետությունը պատասխանատվություն չի կրում կայսրության հանցագործությունների համար, գրում է Մեյը: Մյուս կողմից՝ ժամանակակից Թուրքիան շարունակում է գրաված պահել հայկական հողերը, հայերի համար սուրբ Արարատ լեռը գտնվում է Թուրքիայի տարածքում, գրում է հեղինակը: Նա նշում է, որ այսօր նույնպես ջիհադ է տեղի ունենում քրիստոնյաների դեմ Միջին Արևելքում և Աֆրիկայում: Այս հանցագործություններն իրականացնողների մեծ մասն իրենց համարում է նոր խալիֆայության մարտիկներ: Խոշոր լրատվամիջոցները չեն նշում Հայոց ցեղասպանությունը որպես այս գործողությունների նախաբան և նախադեպ: Բայց լրատվամիջոցները նաև ստիպված են նշել, որ շատ հնարավոր է, որ մենք այժմ ականատես ենք լինում հնագույն քրիստոնյա համայնքների վերջնական, պատմական վերացմանը տարածքներից, որոնք այժմ կոչվում են «Իսլամական աշխարհ»: Հեղինակը հոդվածը եզրափակում է՝ հիշեցնելով 1939 թվականին Հայոց ցեղասպանության մասին Հիտլերի հայտնի խոսքերը՝ «Ի վերջո, այսօր ո՞վ է հիշում հայերի բնաջնջման մասին», և նշում, որ դա պատճառներից մեկն է, որ պետք է շարունակել խոսել ցեղասպանության մասին: