Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածի խորհրդարանում հայ պատգամավորի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը քաղաքական ուժերի միջև քննարկումների առիթ է տվել։ Քուրդիստանի Rudaw կայքը գրում է՝ Քուրդիստանի խորհրդարանի հայ պատգամավոր Երվանդ Նիսանը ասել է, որ իր ներկայացրած օրինագծի համար խորհրդարանի բոլոր կուսակցություններից ստորագրություն է հավաքել։ Խորհրդարանի «Քուրդիստանի հայրենասերների միությունը» (KYB) բացահայտ աջակցություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծին, սակայն «Քուրդիստանի դեմոկրատական» կուսակցություն (KDP) և «Բարեփոխումների շարժում» (Goran) պլատֆորմը գերադասել է լռել։ KYB-պատգամավորներից Ռևաս Ֆայիքը նշել է, որ ինքը ստորագրել է օրինագծի անցկացման համար։ Օրինագիծը ստորագրել են KDP-ի մի քանի պատգամավորներ։ KDP-ի անդամ Մուհամեդ Ամիր Դերշևին նշել է, որ բոլորն էլ գիտեն, որ հայերի նկատմամբ ցեղասպանություն է եղել և շեշտել, որ Քուրդիստանի ինքնավար հատվածի խորհրդարանը պետք է նախաձեռնող լինի։ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայ պատգամավորի օրինագիծը 40 ստորագրություններով հանձնվել է խորհրդարանի նախագահությանը։