NEWS.am-ը կրճատումներով տպագրել է Չադ Գարլանդի՝ «Los Angeles Times»-ում հրապարակված հոդվածը:
Երբ անցյալ շաբաթ ավստրիական խորհրդարանում կուսակցությունները հռչակագիր ստորագրեցին՝ 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը Ցեղասպանություն կոչելով, Թուրքիան հանդես եկավ հայտարարությամբ, որ դա «անջնջելի հետք կթողնի թուրք-ավստրիական բարեկամության վրա», և հետ կանչեց Վիեննայում իր դեսպանին: Երբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը միջազգային հանրությանը կոչ արեց այդ վայրագությունները «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» կոչել, Թուրքիան նրա հայտարարությունը «ոչ մի ուժ չունեցող» կոչեց և հետ կանչեց նաև Վատիկանում իր դեսպանին:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը «Times Community News»-ին ասաց, որ Թուրքիային բնորոշ է սպառնալիքներով հանդես գալը, երբ որևէ պետություն Առաջին աշխարհամարտի տարիների կոտորածները ցեղասպանություն է որակում, սակայն դա «այդ պետություններից ոչ մեկի հետ հարաբերությունների դադարեցման չի հանգեցրել»: Ավելի քան 20 երկիր արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Դրանց թվում են Ֆրանսիան, Կանադան և Ռուսաստանը, բայց ոչ Իսրայելն ու Միացյալ Թագավորությունը: Վերջերս ԱՄՆ-ում դաշնային մակարդակով ցեղասպանությունը ճանաչելու փորձերը հաջողությամբ չպսակվեցին: Այդ վայրագությունների տարելիցի առիթով հղած ուղերձում նախագահ Բարաք Օբամայի՝ «ցեղասպանություն» եզրույթը չարտասանելու որոշման շուրջ Սպիտակ տան պաշտոնական պարզաբանման մեջ նշվում էին ՆԱՏՕ-ում դաշնակից Թուրքիայի հետ հարաբերությունները:
ԱՄՆ-ի արդարադատության նախարարության տվյալներով, Թուրքիան վերջին մի քանի տարիներին միլիոնավոր դոլարներ է ծախսել՝ ամերիկյան պաշտոնյաների շրջանում սեփական տեսակետը քարոզելու համար: Մասաչուսեթս նահանգի Քլարքի համալսարանի պատմության պրոֆեսոր, հայտնի ցեղասպանագետ Թաներ Աքչամը նշել է, որ դա ոչ միայն «ցեղասպանություն» եզրույթի խնդիրն է, այլև Թուրքիայի ժխտման, որ հայերի դեմ հանցագործություն է իրականացվել: Թուրք Աքչամի խոսքով, Անկարան կարող է մի քանի ամսով հետ կանչել իր դեսպաններին, «հետո՞ ինչ»: Նրա կարծիքով, դա միայն ավելի կմեկուսացնի նրանց, երկիրը չի կարող սատարել նման դիրքորոշումը: «Նրանք չեն կարող շարունակել ժխտել պատմական փաստը: Անձամբ ես կարծում եմ, որ Թուրքիան շատ լծակներ չունի»,- ասել է Աքչամը: Շիֆն իր հերթին նշել է, որ ժխտողականությունը Թուրքիայի «հոգեբանության» մասն է դարձել ու հանցագործության ճանաչումը «կործանարար» կլինի նրանց համար: Սակայն, նրա խոսքով, վերջապես եկել է ժամանակը, երբ հարկավոր է ճանաչել Ցեղասպանությունը, երբ ԱՄՆ-ը «տասնամյակներ շարունակ կատարել է նրանց ցանկությունը»: