ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վրաստանի նախագահը չի հաստատել կառավարության նոր կազմը

Վրաստանի նախագահը չի հաստատել կառավարության նոր կազմը
02.05.2015 | 12:34

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հրաժարվել է ստորագրել նախարարների թեկնածուների ցուցակը, որը հետո խորհրդարանի վստահության քվեն պիտի ստանա: «Ես տպավորություն ունեմ, որ կառավարությունն աշխատում է ֆորս-մաժորային իրավիճակում,- գնահատելով ստեղծված իրավիճակը՝ հայտարարել է Վրաստանի նախագահը:- Ես ցանկանում եմ հնարավորություն տալ վարչապետին ու խորհրդարանին՝ քննարկումներ անցկացնել ավելի հանգիստ մթնոլորտում և կողմնորոշվել կառավարության կազմի հարցում»։ «Տվյալ դեպքում ես օգտագործում եմ Սահմանադրությամբ ինձ տրված միակ հնարավորությունը և մեկ շաբաթով հետաձգում ստորագրությունը, որ դնելու եմ կառավարության կազմի տակ»,- «Ազատության» վրացական ծառայության փոխանցմամբ ասել է Մարգվելաշվիլին։ Նա հույս է հայտնել, որ մեկ շաբաթում երկրի քաղաքական ղեկավարությունը հավասարակշռված որոշում կընդունի ավելի հանգիստ մթնոլորտում: Նոր կառավարության ամենաինտրիգային հարցը պաշտպանության նախարարի թեկնածուն է։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է կին թեկնածուի՝ 42-ամյա Թինաթին Խիդաշելիի անունը: Նա իրավաբան է, 2012-ից խորհրդարանի պատգամավոր, նախագահում է Եվրաինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովը։ Խիդաշելին Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ ՈՒսուպաշվիլու կինն է։ Թեկնածությունը հաստատվելու դեպքում Խիդաշելին կդառնա Եվրոպայում հինգերորդ պաշտպանության կին նախարարը։ Նա աչքի է ընկնում իր չափազանց ընդգծված արևմտամետ հայացքներով։ Նախագահ Մարգվելաշվիլին չի արձագանքել առաջարկությանը, թեև Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ պաշտպանության նախարարությունը կարող է կին ղեկավարել։ Նա՝ որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, հարց է հնչեցնել՝ «որքա՞ն հաճախ ենք պաշտպանության նախարար փոխելու»։

Դիտվել է՝ 841

Մեկնաբանություններ