Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը հայտարարել է, որ այսօրվա իսլամիստ իշխանություններին ավելի շատ հետաքրքրում է ոչ թե կրոնը, այլ՝ փողը: Նրա կարծիքով` Էրդողանի կուսակցության շարքերը հիմնականում համալրել են թուրք հասարակության ընչազուրկ խավերը: Վերջին 10 -12 տարին, երբ այդ կուսակցությունն իշխում է Թուրքիայում, նման կադրերով է համալրվել ողջ պետական ապարատը, որի հետևանքով այսօր կոռուպցիան Թուրքիայում համատարած է: Դրա ապացույցը 2013-ի դեկտեմբերյան իրադարձություններն էին, երբ բացահայտվեց, որ Էրդողանի կառավարության մի շարք անդամներ ուղղակի թաթախված էին կոռուպցիայի մեջ: Այդ ժամանակ նշում էին, որ կոռուպցիայի գործում կա անձամբ Էրդողանը, ում տղան ակտիվ լոբբիստական գործունեություն էր իրականացնում թուրքական որոշակի բիզնես շրջանակների օգտին: Օրհան Փամուկը իսլամիստների իշխանության գալուց անմիջապես հետո անընդհատ քննադատել է Էրդողանի վարչակազմը: