Գրող Դանա ՈՒոլրայթն ամերիկյան «Foreign Policy» ամսագրում հոդված է հրապարակել ցեղասպանության մասին: «Ամերիկահայերը համերաշխ և հավատարիմ են ամերիկյան գաղափարին, որ խաղաղությունն ու արդարությունը միահյուսված են, որ հաստատվում են համարձակ անցումների շնորհիվ: 2015-ի ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայերը նշեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, երբ օսմանցի թուրքերը 1,5 միլիոն հայերի սպանեցին: Գիտնականները ընդունում են, որ ցեղասպանությունը մի քանի փուլով է իրականացվել: Ոչնչացումն այդ փուլերից վերջինն է: Ցեղասպանությունը չի ավարտվում, քանի դեռ չի ավարտվում ժխտողականությունը: Այս տարի հայերը ոչ միայն հիշատակում են 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունը, նրանք խնդրում են դադարեցնել ժխտողականությունը, որն այդ ցեղասպանությունը կենդանի է պահում:
Կարո՞ղ եք պատկերացնել, եթե մենք ԱՄՆ-ում չխոստովանեինք ստրկության մեր պատմությունը: Կարո՞ղ եք պատկերացնել, եթե մեր երեխաների պատմության դասագրքերում անտեսեինք Հյուսիսային Ամերիկայում ամերիկյան հնդկացիների ներկայությունը: Հայոց ցեղասպանության ժխտումը բարոյական հարց է առաջացնում, որը նորից ու նորից առաջ է գալիս տարբեր թեմաների առիթով. ԱՄՆ-ում ստրկության պատճառով փոխհատուցումից մինչև Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ-ի իրականացրած վայրագությունները:
Հոգու խորքում մենք՝ ամերիկացիներս, ներգաղթյալների ազգ ենք: Մենք գիտենք համարձակ անցումների ուժի մասին: Մենք գիտենք, որ պատմությունն ավելին է, քան անցյալը: Ցեղասպանության ճանաչումն ավելին է, քան ամերիկահայերի հանդեպ հարգանքը: Դա մեր արտաքին քաղաքականությունը կբերի արդարության և վերջ կդնի տպավորությանը, որ վախեցնելու ճանապարհով մեզնից կարող են քաղաքականության համար շահեկան պատմության տարբերակի ընդունման հասնել: Հայաստանի համար խաղաղությանն անցումը միշտ արդարության ձգտում է նշանակել: ԱՄՆ-ի կառավարության համար միանշանակ եկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ժամանակը»: