«Ադրբեջանցի լրագրողուհի Խադիջա Իսմայիլովան, որը հետաքննում էր երկրի վերնախավի կոռուպցիոն հանցանքները, գիտեր, որ լողում է խոր ջրերում։ Դեկտեմբերին նա ձերբակալվեց լրագրող Թուրալ Մուստաֆաևին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։ Փետրվարին նրա դեմ նոր մեղադրանքներ առաջադրվեցին, այդ թվում՝ հարկերից խուսափելու և լիազորությունների չարաշահման մեջ։ Իսմայիլովան միակը չէ։ Նյու Յորքի Human Rights Watch կազմակերպության տվյալներով, անցած տարվա ընթացքում Ադրբեջանում դատապարտել և կալանավորել են առնվազն 33 ակտիվիստների, լրագրողների և բլոգերների՝ քաղաքական դրդապատճառներով։ Բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքը տարածված երևույթ է։ Աճում է մտահոգությունն ազդեցիկ իրավապաշտպան Լեյլա Յունուսի և նրա ամուսնու՝ պատմաբան Արիֆ Յունուսի ճակատագրի համար։
Այդ բռնաճնշումների համար ժամանակը պատահական չի ընտրված։ Նավթով հարուստ խորհրդային նախկին երկիրը մեկ ամսից ընդունելու է առաջին Եվրոպական խաղերը, գալու են 6 հազար մարզիկներ՝ 50 երկրներից։ Իրավապաշտպան կազմակերպությունները պահանջում են, որ համաշխարհային առաջնորդները բոյկոտեն այդ միջոցառումը։ Ադրբեջանի ավտորիտար նախագահ Իլհամ Ալիևը, թերևս, վախենում է, որ իր քննադատները կօգտվեն հնարավորությունից՝ իրենց բողոքները հայտնելու համար։ «Նա ձերբակալում է, քանի որ անպատժելի է դարձել»,- ասում է ադրբեջանցի բլոգեր Արզու Գեյբուլաևան։ Հավանաբար, նա ճիշտ է։ Ադրբեջանն օգտագործում է իր էներգետիկ հարստությունները, որ ներգրավի ազդեցիկ ընկերների Եվրոպայից և Ամերիկայից։ Սակայն այդ հարավկովկասյան երկիրն ավելին է առաջարկում, քան նավթը։
Գտնվեով Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի, Թուրքիայի, Իրանի և Կասպից ծովի միջև՝ Ադրբեջանը ռազմավարական պարգև է։ Նա թույլատրեց ամերիկացիներին՝ օգտագործել իր ռազմակայանները Աֆղանստանում մահմեդական ծայրահեղականներին հարվածելու համար։ Դա կարող է բացատրել, թե ինչու Ադրբեջանին թույլատրվեց նախագահել Եվրոպայի խորհրդում 2014 թ. վեց ամիս, չնայած որ բանտարկել էր այլախոհներին։ Ձկնկիթն ու այլ բոնուսները, որ օգտագործվում են ադրբեջանական լոբբիստական մեքենայի յուղման համար, չեն խանգարում։
Ալիևի համար մեկ այլ գլխացավ է տնտեսությունը։ Նավթի համաշխարհային գների անկումը հարվածեց Ադրբեջանի ֆինանսներին։ Էներգետիկան կազմում է երկրի արտահանման 90, ՀՆԱ-ի 40 տոկոսը։ Գնաճը մեծանում է, իսկ ազգային արժույթը՝ մանաթը պահելու կառավարության փորձերը զգալիորեն ձախողվել են։ Պետական ծառայողների աշխատավարձերը հետաձգվել են։ Կառավարությունն այդ ամենում մեղադրում է «Եվրոպական խաղերը»։ «Դա բուռն զայրույթ է առաջացնում կառավարությունից, ինչը չէր առաջանա անգամ ակտիվիստների կալանավորումից»,- ասել է վաշինգտոնյան վերլուծաբանը, որը վարում է «North Caucasus Caucus» բլոգը։