Դադարեցվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժամ Մարի Լը Պենի անդամությունն իր ստեղծած «Ազգային ճակատ» կուսակցությանը՝ մայիսի 4-ին որոշել է «Ազգային ճակատի» գործադիր բյուրոն: Առաջիկա 3 ամիսներին «Ազգային ճակատի» արտահերթ համագումար կհրավիրվի, որի գլխավոր թեման կլինի Ժան Մարի Լը Պենին կուսակցության պատվավոր նախագահի կոչումից զրկելը: Լը Պենը նիստին ներկա չի եղել: Ավելի վաղ 86-ամյա քաղաքական գործիչը հայտնվել է «Ազգային ճակատի» քաղբյուրոյի նիստին և հայտարարել է, որ մտադիր չէ կամավոր հեռանալ հանգստի: Մայիսի 4-ին նա «Եվրոպա-1» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ մտադիր է հրաժարվել իր դուստր Մարին Լը Պենից, որը հիմա գլխավորում է «Ազգային ճակատ» կուսակցությունը և դստերը մաղթել է, որ «հնարավորինս արագ ամուսնանա»: «Թող քարոզարշավ իրականացնի այլ ազգանունով, ես չեմ ուզում, որ «Ազգային ճակատի» նախագահին կոչեն Լը Պեն»,-հավելել է նա: Հոր և դստեր հակամարտության պատճառը մամուլի էջերում Լը Պեն ավագի սադրիչ հայտարարություններն են: Նա ասել է, որ բացասական չի գնահատում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ֆրանսիայի կոլաբորացիոնիստական կառավարությունը գլխավորած մարշալ Պետենի պատմական դերը, իսկ նացիստների գազախցիկներն ընդամենը «պատմության դետալներ» են: