Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Արդահան այցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան Կովկասի խաղաղության համար կանի ամեն ինչ. «Մենք բոլորի հետ քննարկում ենք պատմությունը և գլուխ չենք խոնարհում որևէ ուժի առջև: Եթե գրվի Կովկասի պատմությունը, անհրաժեշտ է հիշատակել նաև մեսխեթցի թուրքերին: Անհրաժեշտ է խոսել, որ կեսգիշերին նրանց լցրեցին վագոններն ու տարան Սիբիր (Ստալինի ժամանակ)»: Դավութօղլուն պատասխանել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, որ Թուրքիայի իշխանություններին քննադատել է սիրիացիների հարցում ունեցած քաղաքականության համար: Դավութօղլուն հիշեցրել է, որ ժամանակին Քըլըչդարօղլուի «շեֆ», Թուրքիայի (ԺՀԿ-ական) նախագահ Իսմեթ Ինենյուն 146 ադրբեջանցիների հանձնել է ռուսական կողմին (ԽՍՀՄ-ին), որից հետո նրանց գնդակահարեցին: Անցյալ ամռանը Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Էրդողանը նույնպես հիշատակել էր ԺՀԿ-ի կողմից խորհրդային իշխանություններին 146 ադրբեջանցիներին հանձնելու մասին՝ նպատակ ունենալով վարկաբեկել Թուրքիայի ներկա գլխավոր ընդդիմադիր ուժին: