Սերժ Սարգսյանի ԱՄՆ այցի ընթացքում երկու երկրների միջև հավանաբար կստորագրվի «Առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիր՝ ասել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը։ Փաստաթղթով կողմերը նախատեսում են նոր խորհուրդ հիմնել, որը կբացահայտի առևտրի և ներդրումների ընդլայնման հնարավորությունները, կաջակցի կոռուպցիայի դեմ պայքարին և կվերացնի խոչընդոտները։ «Շատ ուրախ եմ, որ այս հարցում մենք առաջընթաց ունեցանք: Համաձայնագիրը հնարավորություն կտա երկու երկրների գործարարներին համագործակցելու։ Կառավարությունն ու բիզնես շրջանակները միասին կպարզեն, թե որոնք են առևտրի ճանապարհի խոչընդոտները: Համաձայնագրով երկու կողմերը պարտավորվելու են վերացնել դրանք, որպեսզի առևտրի և գործարարության համար ավելի շատ հնարավորություններ լինեն»,- ասել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը։ Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում կլինի մայիսի 5-7-ը: Նա հանդիպումներ կունենա Սենատում, կհյուրընկալվի «Վաշինգտոն փոստ» թերթի գրասենյակում, կհանդիպի հայկական կազմակերպությունների ղեկավարների և ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների շարքում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ նախատեսված հանդիպում չկա։ Չնայած դրան, դեսպան Միլսը հավաստիացնում է, որ երկու երկրների հարաբերությունները բարձր մակարդակի վրա են։ «Ես ձեզ վստահեցնում եմ, որ երկու երկրների միջև եղած հարաբերությունները շատ ամուր են։ Նախագահ Օբաման շատ կարևորում է այդ հարաբերությունները, և որպես ապացույց կարող եմ նշել այն, որ ապրիլքսանչորսյան շատ կարևոր միջոցառմանը ԱՄՆ-ից Հայաստան ժամանեց կառավարության ներկայացուցիչ։ Առևտրի և ներդրումների մասին համաձայնագրի ստորագրումն էլ վկայում է, թե որքան կարևոր են այդ հարաբերությունները երկու կողմերի համար», - նշեց Ռիչարդ Միլսը։