NEWS.am-ը կրճատումներով ներկայացրել է Reuters-ի Բրյուսելի թղթակից Ռոբին Էբոթի հոդվածը։ «Եվրամիությունը եկող տարվանից կիրականացնի ՈՒկրաինայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը՝ չնայած երկարաձգման նպատակով Ռուսաստանի գործադրած ճնշմանը՝ ասված է մայիսին Ռիգայում կայանալիք արևելյան գործընկերության գագաթնաժողովի համար նախապատրաստված հայտարարության մեջ։ Համատեղ հռչակագրում, որը հավանաբար առաջ կբերի Մոսկվայի անհաշտությունը, համաձայնագրի իրականացման ամսաթիվ է նշված 2016-ի հունվարի 1-ը, քանի որ Ռուսաստանը ձգտում է հակազդել ՈՒկրաինայի ինտեգրման գործում եվրոպական ջանքերին։ ՈՒկրաինացի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է, որ գործարքը հետաձգվի գոնե մեկ տարով, սակայն ԵՄ-ը պնդում է, որ այլևս ձգձգումներ լինել չեն կարող։ Թեպետ ԵՄ-ը պատրաստ է քննարկել Ռուսաստանի անհանգստությունները, ՈՒկրաինայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի իրականացումը առաջիկա տարիներին լինելու է ԵՄ հիմնական առաջնայնությունը»,- ասված է նախագծում։ ՈՒկրաինային ցուցաբերվող աջակցությունից բացի, մայիսի 21-22-ին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին և Մոլդովային քիչ առաջարկներ ունի, երբ ԵՄ անդամ երկրների կառավարությունները նվազեցրել են հավակնությունները՝ զգուշանալով հրահրել Կրեմլին։ Անցյալ տարի Մոլդովան, Վրաստանը և ՈՒկրաինան ստորագրեցին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը և ցանկանում են միանալ նրան, սակայն նախագծում հիշատակում չկա նրանց ձգտումների մասին։ Փոխարենը խոսվում է, որ ոչ Վրաստանի, ոչ Մոլդովայի համար անհապաղ առանց վիզա ԵՄ մուտքի ռեժիմ չի սահմանվի, ինչպես մտածում էին Թբիլիսին և Կիևը: Նրանք պետք է բարեփոխումներ անցկացնեն։ Սառը տոնը հեռու է 2013-ին Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի հավակնություններից, երբ ԵՄ-ը ձգտում էր աջակցել Ռուսաստանից 6 նախկին խորհրդային երկրների անջատմանը։
Հիմա Բրյուսելը կարծես թե ընդունում է, որ Հայաստանն ուղղություն է վերցրել դեպի Մոսկվա, երբ այդ երկիրը 2013 թ. որոշեց միանալ իր նախկին խորհրդային տիրոջ և ներկա խոշոր օտարերկրյա ներդրողի՝ Ռուսաստանի ղեկավարած Մաքսային միությանը։ «ԵՄ-ն և նրա ինքնիշխան գործընկերները պետք է որոշեն, թե ինչպես են ուզում շարունակել երկկողմ հարաբերությունները»,- ասված է նախագծում։