Մոսկվան հույս ունի, որ Եվրամիությունը կոնկրետ քայլեր կձեռնարկի ԵԱՏՄ գործադիր կառույցների հետ աշխատանքային կապեր հաստատելու համար՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Handelsblatt պարբերականին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ Ռուսաստանի եվրոպացի գործընկերները առավել ընկալունակ են դառնում Եվրոպա աշխարհամասում ինտեգրացիայի ներդաշնակության գաղափարի նկատմամբ։ «Որպես առաջին քայլ՝ խոսքը վերաբերում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև անմիջական կապ հաստատելուն։ Այդ քայլը դիտարկում ենք որպես Ատլանտիկայից Խաղաղ օվկիանոս ձգվող տնտեսական և հումանիտար միասնական տարածք ստեղծելու ուղու կարևոր կետ»,- ասել է Լավրովը։ Նրա խոսքով՝ կան ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի մերձեցման անհրաժեշտ նախադրյալները, այդ թվում՝ տնտեսությունների փոխլրացումը և առևտրի միասնական կանոններին հետևելը։ Լավրովը հույս ունի, որ ԵՄ կառույցները կոնկրետ քայլեր կձեռնարկեն ԵԱՏՄ գործադիր կառույցների հետ աշխատանքային անմիջական կապեր հաստատելու համար։