Թուրքական Kocaeli պարբերականի լրագրող Ջազըմ Գյուրբուզն իր «Մի ադրբեջանցու դեմքին հայելի պահել» հրապարակման մեջ պատմել է ֆեյսբուքում իր և Էլնուր Զեյնալթուրք անունով ադրբեջանցու խոսակցությունը։
Թուրք լրագրողը նշել է, որ ադրբեջանցին սկսել է փնովել Թուրքիային և գովել Ադրբեջանին, ինչից հետո իրենց մեջ հետևյալ խոսակցությունն է ծագել։
Ջազըմ Գյուրբուզ. Պարոն Էլնուր, բավական է ինձ հարվածեք Թուրքիայի խնդիրներով։ Դրանց մասին մենք գիտենք։ Ես էլ հանգիստ կարող եմ խոսել Ադրբեջանի հակաժողովրդավարական միջավայրից ու երկերեսանիությունից։
Ջազըմ Գյուրբուզ. Մի րոպե, ես ուղղակի տխրում եմ, որ Թուրքիայում ճգնաժամ կա։ Իսկ Ադրբեջանում հակաժողովրդավարություն ու երկերեսանիություն անողը ռուսի ստրուկ ընդդիմությունն էր, որին տարիներ առաջ թաղեցինք քվեատուփի մեջ։
Ջազըմ Գյուրբուզ. Ադրբեջանի հակաժողովրդավարական միջավայրը հենց այսօրվա իշխանությունից է գալիս։ Ձեր երկրում չկան հասարակական կազմակերպություններ, չկա ազատ մամուլ, չկան արհմիություններ, չկա ազատ համալսարան, իսկ օրենքն էլ Ալիևի ուզածով են իրականացնում։ Եղբայր, ի՞նչ ընդդիմության մասին ես խոսում։ Նման երկրում ընդդիմություն կլինի՞։ Ժողովրդավարությունն ու ազատությունները Էլչիբեյի հետ գնացին...։ Մի բուռ «քաղցած» հայեր Ադրբեջանի հետ խաղում են ինչպես կատուն մկան հետ։
Ջազըմ Գյուրբուզ. Պարոն Ջազըմ, ինչո՞ւ եք այդպես ասում։ Իլհամ Ալիևը իշխանության գալու հաջորդ օրը ժողովրդավարություն ապահովեց։ ՈՒզում եմ ասել, որ Ալիևը Ադրբեջանի թուրքական հանրապետության հիմնադիրն է ու հավասար է ձեր Աթաթուրքին։ Ադրբեջանում գործադուլի մասին չեք լսել, քանի Ալիևը թուրքերի թշնամի հրեա Էրդողանի պես գող չէ, իսկ երկրում էլ տնտեսական հավասարություն է։
Ջազըմ Գյուրբուզ. Էլնուր բեյ, այդ ի՞նչ ասացիք։ Ալիևն ով է, որ Աթաթուրքին հավասար լինի։ Ալիևն ի՞նչ է արել։ Աթաթուրքը 7 ճակատով պատերազմել և երկիրը փրկել է ու հանրապետություն ստեղծել։ Իսկ Ալիևը ինտրիգներից բացի ի՞նչ գիտի։
Երկխոսության վերջում թուրք լրագրողը նշել է. «Էլնուրը չգիտի, որ ես Ադրբեջանը սիրում եմ, նա չգիտի նաև, թե ինչ է ժողովրդավարությունը, չգիտի նաև իրեն ոնց պահել։ Պետք է թափ տալ սրանց, երեսներին հայելի պահել...։ Ես մի թեթև արեցի դա»։ Հայտնի չէ՝ Ջազըմ Գյուրբուզն ընդունե՞լ է «Ալիևը թուրքերի թշնամի հրեա Էրդողանի պես գող չէ» հայտարարությունը: