Թուրքիան չի պատրաստվում հետ կանչել Մոսկվայում իր դեսպանին, թեպետ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները լարվել էին «Հայոց ցեղասպանություն» եզրույթի շուրջ: Թուրք պատմաբան Մուստաֆա Արմաղանը, որ մասնակցել է Թուրքիայի նախագահի հետ փակ հանդիպմանը, հայտարարել էր, թե Թուրքիան չի բացառում դիվանագիտական հարաբերությունների աստիճանի նվազեցումը Ռուսաստանի հետ: Անկարայից պարզաբանում են, որ Թուրքիայի դիրքորոշումը սխալ է մեկնաբանվել. Էրդողանը նկատի է ունեցել, որ ինքը մայիսի 9-ին Մոսկվա չի այցելի` Հաղթանակի տոնակատարությանը, այլ երկիրը ներկայացված կլինի դեսպանի մակարդակով: Արմաղանը ևս հայտարարել է, թե սխալ է մեկնաբանել Էրդողանի խոսքերը և ներողություն է խնդրել: