ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին մայիսի 9-ին հիշել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Շումանի խոսքերը՝ 65 տարի առաջ Եվրոպայի ժողովուրդներին միավորվելու և մայր ցամաքում պատերազմն անհնարին դարձնելու մասին: «Շումանի կոչը՝ հարթել դարավոր տարաձայնությունները, որը հնչեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից 5 տարի անց, Եվրամիության հիմքը դրեց: Տարիների ընթացքում մեր Միությունն աճել է՝ դառնալով 6-ից 28 անդամ և աշխարհում ամենախոշոր խաղաղարար նախագիծը: Մեր հիմնադիր հայրերի երազանքները կյանքի են կոչվել»,- նշել է նա: Այնուամենայնիվ, Մոգերինին կարծում է, որ խաղաղությունն ու ժողովրդավարությունը չպետք է ընդունել որպես ավարտված և ձեռքբերումները պաշտպանելու համար մշտապես աշխատելու կոչ է անում: «Քանի որ պատերազմի ուրվականը վերադարձել է մեր մայր ցամաք, մեր միասնությունը մնում է մեր հզորագույն ուժը»,- ասել է Մոգերինին: Նա նշել է, որ Եվրոպան պատասխանատվություն է կրում ժողովրդի արժեքների և շահերի պաշտպանության համար: