Եվրամիությունը կարող է համագործակցության նոր ձևաչափ ստեղծել Արևելյան գործընկերության այն երկրների համար, որ չեն ցանկանում սերտ ինտեգրվել համագործակցությանը՝ Բրյուսելում ասել է ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը: «Մենք պետք է խոստովանենք, որ մեր գործընկերները շատ տարբեր են: Ոմանք ցանկանում են մեզ հետ ավելի սերտ համագործակցել, այս պարագայում մենք պետք է մտածենք հետագա քայլերի մասին: Սա ներքին նուրբ թեմա է Եվրամիության համար: Մյուսները հետաքրքրված են այլ հարաբերություններ ծավալելու մեջ: Մենք պետք է մտածենք, թե ինչպես է ավելի լավ շարունակել հարաբերությունները, հնարավոր է՝ մտածենք նոր ձևաչափերի մասին, որոնք դեռ պետք է ստեղծել»- ասել է Յոհանես Հանը:
Արևելյան գործընկերության ծրագրի նպատակը նախկին ԽՍՀՄ 6 երկրների հետ տարածաշրջանային համագործակցության զարգացումն է: Այդ երկրներն են՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և ՈՒկրաինան:
Արևելյան գործընկերության գագաթնաժողովն անցկացվելու է Ռիգայում` մայիսի 21-22-ին: